«Ինքն իր մեջ բաժանված ամեն մի տուն ավերվում է, Սիսիանում այսօր մեզ միասնություն է պետք»․ ընդդիմադիրների բոյկոտի պատճառով Սիսիանը կրկին առանց ղեկավար մարմնի մնաց
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Համաձայն Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի՝ հոկտեմբերի 15-ին Սիսիանի նորընտիր ավագանին և ղեկավարը պետք է ստանձնեին իրենց պաշտոնները, սակայն հրավիրված արտահերթ նիստը չկայացավ ավագանու ընդդիմադիր անդամների բոյկոտի պատճառով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25–ին Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական 5 ուժերից ոչ մեկին չէր հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ և ունենալ անհրաժեշտ 11 մանդատը: Մանդատները բաշխվել էին հետևյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 8 մանդատ, «Աշխատանք և արդարությունը»՝ 5, «Ապրելու երկիրը»՝ 4, «Մեկ Հայաստան» և «Հանուն հանրապետության» ու «ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունները՝ 2–ական մանդատ։
Հոկտեմբերի 12–ին Սիսիան խոշորացված համայնքում նորընտիր ավագանու քվեարկության արդյունքներով երկրորդ փուլով համայնքապետ էր վերընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Արմեն Հակոբջանյանը:
Հոկտեմբերի 15-ի արտահերթ նիստը չկայացավ, որովհետև երկրորդ փուլին մասնակցած և պարտված ուժերը բոյկոտել էին նիստը։ Արտահերթ նիստին անհրաժեշտ էր նվազագույնը ավագանու 11 անդամի ներկայություն, սակայն ներկա էր ավագանու 9 անդամ։ «Հայաստան» դաշինքի հովանավորությունն ունեցող «Աշխատանք և արդարություն», «Մեկ Հայաստան» կուսակցությունների կոալիցիան, նաև «Հանուն Հանրապետության» համայնքապետի առաջին համար Սևակ Մուսաթյանը հրաժարվել էին ներկայանալ համայնքի իշխանության ձևավորմանն ու համայնքային ծրագրերի հաստատման նիստին։
Նշենք նաև, որ գործարար Ռուբեն Վարդանյանի «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու 4 թեկնածուներն առանց հիմնավորման հրաժարվել էին մասնակցել երկրորդ փուլին։
Սիսիանի համայնքապետի ՔՊ թեկնածու Արմեն Հակոբջանյան չկայացած նիստից հետո դիմելով բնակչությանը՝ ասաց ․ «Տեսեք ում եք վստահել ձեր ձայնը․ մարդկանց, որոնք հանուն իրենց աթոռի վնաս են պատճառում Սիսիանին ու սիսիանցուն»։
Ապա համայնքապետը նշեց, որ բոյկոտը շարունակելու դեպքում Սիսիանում ոչ մի ծրագիր չի կարող հաստատվել։ «Իսկ Գորայրք համայնքում ընդհանրապես մարդիկ աշխատավարձ ստանալու հնարավորությունից կզրկվեն։ Եվ այսպիսի վարքագիծը չի կարող Սիսիանը սիրելու նշան լինել»,- ասաց Հակոբջանյանը։
Անդրադառնալով արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցին, ասաց, որ իր թիմը պատրաստ է, միայն թե բնակիչներն այս անգամ թող իմանան ում և ում միջև են ընտրություն կատարելու։
Հատուկ ուղերձով ելույթ ունեցավ նաև Սիսիանի թեմի հոգևորականը։ Դիմելով ներկաներին ասաց, որ պետք է գիտակցենք՝ ամբողջ Հայաստանի համար ծանր, ճակատագրական ժամանակներ են և պետք է բոլորս ի շահ մեր պետության, համայնքի, բանակի, զարգացման աշխատենք, ապա Աստվածաշնչյան խոսքեր մեջբերեց ․ «Ինքն իր մեջ բաժանված ամեն մի տուն ավերվում է, Սիսիանում այսօր մեզ միասնություն է պետք»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Թամարա Ղազարյան