Մտահոգություններ ունենք «Աբովյան» ՔԿՀ-ում բժշկական սպասարկման, անչափահասների կրթության ապահովման, երեխա խնամող կանանց կարգավիճակի մասով. ՀՀ ՄԻՊ
Մինչև 3 տարեկան երեխա խնամող կին դատապարտյալները չունեն տարրական պայմաններ խցերում երեխայի խնամքն ապահովելու, իսկ արդարադատության նախարարությունը խնդրի լուծման փոխարեն պաշտպանվող պատասխան է տալիս։ Դեռևս մայիս ամսին այս մասին բարձրաձայնել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։  

Civic.am-ն այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ՀՀ ՄԻՊ-ից հետաքրքրվեց՝ ինչ փուլում է խնդրի լուծումը, որին ի պատասխան Քրիստիննե Գրիգորյանն արձագանքեց. «Մենք մոնիտորինգի՝ մշտադիտարկման արդյունքներն ուղարկել էինք արդարադատության նախարարություն 1 ամիս առաջ, որոշ խախտումների մասով ընդունել են, ասել են՝ միջոցներ ենք ձեռնարկում, որոշ խախտումների մասով չեն ընդունել։ Այս առումով առանձին զեկույց ենք հրապարակում առաջիկա շաբաթների ընթացքում հենց «Աբովյանի» թիրախավորմամբ, որտեղ հնարավորություն կունենանք ասելու, թե նախարարության ո՞ր պատասխանները, ո՞ր գործողությունները չեն բավարարում, և խնդիրները շարունակում են չլուծված մնալ»։

ՄԻՊ-ի խոսքով՝ տեղեկատվություն ունեն, որ արդարադատության նախարարությունն արդեն բյուջետավորել է «Աբովյան» ՔԿՀ-ում որոշ աշխատանքների կատարումը. «Անգամ որոշակի վերանորոգման աշխատանքներ էին սկսել, սրանք, իհարկե, պահման ֆիզիկական պայմաններին էին վերաբերում, բայց մենք մտահոգություններ ունեինք նաև բժշկական սպասարկման, անչափահասների կրթության ապահովման, զբաղմունքի ու զբոսանքի ապահովման, մինչև երեք տարեկան երեխա խնամող կին անձանց կարգավիճակի և նրանց պահման պայմանների վերաբերյալ»։ 

Նարա Մարտիրոսյան