«Ինձ մոտենում են մարդիկ, որոնց կյանքը եղբայրս փրկել է, դրանից մեծ հպարտություն եմ ապրում»․ զոհված կապիտան Գագիկ Պողոսյանի քույր
 
Պուշկին-Աբովյան խաչմերուկում բացվեց հուշաքար-ցայտաղբյուր, որտեղ էլ, որ մեծացել է  Արցախյան վերջին պատերազմում անմահացած հերոս, կապիտան Գագիկ Պողոսյանը, ով այսօր կդառնար 26 տարեկան։ 

Հերոսի քույրը՝ Աստղիկ Պողոսյանը, Civic.am-ի հետ զրույցում պատմեց, որ պատերազմի ընթացքում Գագիկը եղել է Ջաբրայիլում։ «Գագիկը պատերազմից ոչինչ չէր պատմում մեզ, երբ մենք զանգում էինք՝ իր մոտ ամեն ինչ լավ էր, ինքը ուժեղ էր, եւ ամեն ինչ լավ էր։ Երբ հարցնում էի՝ հաց կերե՞լ է, քնե՞լ է, ասում էր՝ հերիք է հիմար-հիմար հարցեր տաս։ Ինքը  հաստատ չէր ասի, որ ինչ-որ բան դժվար է։ Պատերազմի առաջին օրվանից մինչեւ վերջին օրը դիրքերում է եղել՝ իր տղաների կողքին,դա իր պարտականությունն էր, որը ճիշտ էլ կատարել է», - ասաց նա։

Կապիտանի քույրը պատմում է, որ Գագիկի հետ ծառայած իր ընկերները եւ ոչ միայն ընկերները՝ իր հոգեհանգստի օրը Երեւանի հոսպիտալից եկել էին եւ պատմում էին, թե Գագիկը քանի կյանք է փրկել եւ այնպիսի դեպքեր, որոնցից կարելի էր ապշել։

«Ես 20 տարի եղբորս հետ ապրել եմ, բայց չէի պատկերացնի, որ այդքան բան ինքը կարող էր անել։ Պատմություններից սարսուռ ես ապրում, մտածում, թե որքանով է դա հնարավոր, որ տղա, ով քաղաքացիական կյանքում կենսախինդ մարդ էր՝ իրականում այդքան պատասխանատու քայլեր է արել։ Ես այդ պատմություններից ավելի վստամ եմ զգում. փողոցում ինձ մոտենում են մարդիկ, որոնց կյանքը եղբայրս փրկել է, դրանից մեծ հպարտություն եմ ապրում», - պատմեց Գագիկի քույրը։