2019 թվականի մայիսի 13-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործի քննության ընթացքում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դիմաց միջադեպ տեղի ունեցավ Քոչարյանի աջակիցների և քաղաքական ակտիվիստ Վարդգես Գասպարիի միջև։ Միջադեպի ընթացքում Քոչարյանի աջակից, 5-րդ ալիքի սեփականատեր հանդես եկող Արմեն Թավադյանը ձեռքում գտնվող շշով հարվածեց Գասպարիի աչքին, որից հետո ոստիկանությունը բերման ենթարկեց նրան և Քոչարյանի մի քանի այլ աջակիցների։ Հարուցվեց քրեական գործ, Թավադյանը ներգրավվեց որպես մեղադրյալ։
Նույն թվականի դեկտեմբերի 19-ին Ոստիկանության լրատվականը տեսանյութ տարածեց, որտեղ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը կաշառք էր առաջարկում «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին, որպեսզի վերջինս փոխի իր տված ցուցմունքը։
2019 թվականի դեկտեմբերի 24-ին Արմեն Թավադյանը ձերբակալվեց։ Թավադյանը մեղադրվում էր «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին կաշառելու մեջ։ Ավելի քան երկու տարի տևած քննությունից հետո Արմեն Թավադյանի և նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը դատարանը բավարարեց և Թավադյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրեց՝ վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ։
Տուժողի պաշտպան Տիգրան Եգորյանն ասաց, որ նոր Քրեական օրենսգրքով նշված արարքին հաղորդվել է ծանրության ավելի նվազ աստիճան, հետևաբար նաև վաղեմության ժամկետն է կրճատվել։ Արդյոք այսպիսով չի՞ խախտվում արդար դատաքննության իրավունքը, նաև՝ քննության ողջամիտ ժամկետները, այն դեպքում, երբ հստակ է, որ տեղի է ունեցել հանցագործություն, առկա է տեսագրություն, իսկ դատավճիռ չկա միայն այն պատճառով, որ անցել է վաղեմության ժամկետը։
Ո՞վ պետք է կրի պատասխանատվություն, և ո՞ւմ դաշտում է մեղավորությունը։ «Պետության»,- ասաց Տիգրան Եգորյանը և ավելացրեց, որ դա դատական իշխանության բացթողումն է, որոշ դեպքերում՝ նախաքննության ու դատախազության։
Ըստ Եգորյանի՝ փոփոխված Քրեական օրենսգրքի պայմաններում նմանօրինակ դեպքերի կրկին կհանդիպենք։ Նաև փաստեց, որ բնականաբար խախտվել է ողջամիտ ժամկետում քննության իրավունքը՝ երկու կողմերի համար, և արդար դատաքննության իրավունքը։ Բազմաթիվ են դեպքերը, երբ պաշտպանվող կողմը նպատակադրված ձգձգում է գործի քննությունը՝ դատարան չներկայանալու, տարբեր միջնորդություններ ներկայացնելու միջոցով՝ փորձելով հասնել վաղեմության ժամկետի ավարտվելուն և այդպիսով ազատվելով պատժի կրումից։ Երբ քրեական հետապնդումը դադարեցվում է վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով, և մեղադրվող կողմը չի առարկում դրա դեմ, առաջանում է տուժող կողմի խախտված իրավունքների վերականգնման հարցը՝ երկու բաղադրիչից։ «Նախ՝ պետության կողմից խախտված իրավունքի, որովհետև տուժողը ողջամիտ ժամկետում չի ստացել և զրկվել է արդարադատություն ստանալու իր իրավունքից։ Սրա հասցեատերը պետությունն է։ Մյուս կողմից՝ կա տուժողի ի սկզբանե խախտված իրավունքների խնդիր՝ նյութական կամ ոչ նյութական վնասի հատուցման հետ կապված հարցեր։ Ճանապարհները երկուսն են՝ դրանք հասցեագրել վաղեմության ժամկետի հիմքով գործի կարճման դեմ չառարկած մեղադրյալ կողմին, հաջողության չհասնելու պարագայում այս պահանջները տուժող կողմը պետք է ներկայացնի պետությանը»,- ասաց Եգորյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան