Մամուլում պարբերաբար լուրեր են սպրդում Արցախում տիրող հանրային պրոռուսական տրամադրությունների, Հայաստանից երես թեքելու և դեպի ՌԴ հակվելու մասին։ Արցախից պարբերաբար հնչող և տիրաժավորվող այն թեզը, թե «Հայաստանը լվացել է ձեռքերն Արցախից», սնուցում է այն գաղափարը, որ Արցախի փրկության ոչ միայն բանալին, այլ նաև կողպեքը Ռուսաստանի ձեռքում է, և Ադրբեջանի կազմ չվերադառնալու միակ այլընտրանքը ՌԴ-ին միանալն է։
Խորհրդային սիմվոլիկայի՝ մուրճ ու մանգաղի պատկերով կարմիր դրոշի, ուկրաինական պատերազմից ժամանակ անց Ռուսաստանի դրոշով Z նշանի՝ Արցախի այցեքարտ հուշարձանի տարածքում հայտնվելը, Պուտինի ծննդյան օրը նրա պատկերով մեծադիր պաստառի փողփողումը ու առիթ-անառիթ «սպասիբո»-ների շռայլումը «օվերտոնի պատուհան» են բացում՝ Արցախին դեպի Ռուսաստան ընդառաջելու համար։ Իզուր չէ, որ հենց Ադրբեջանը, որն, ի դեպ, մինչ օրս չի հաստատել ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության մանդատը, խախտում է հրադադարի ռեժիմն ու փորձում է զենքի ուժով իր զոռբայությունն առաջ տանել, Արցախում կրկին գլուխ են բարձրացնում «մեր միակ փրկությունը ռուսի թևի տակ մտնելն է» տրամադրություններն ու ՌԴ-ին միանալու ստորագրահավաք իրականացնելու մասին խոսակցությունները։
Ովքե՞ր, ո՞ր շրջանակներն են շահագրգռված Արցախի ռուսականացման, նույնն է թե՝ Արցախի անկախության միջազգային ճանաչման գլխին քար գցելու հարցում, թերևս կարելի է ենթադրել, սակայն առայժմ առանց անուններ նշելու։ Այդ նույն շրջանակների լոբբինգով էր հավանաբար Արցախի խորհրդարանը շաբաթներ առաջ աշխարհին կոչ անում ընդունել իր անկախությունը՝ հղում անելով ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի ՌԴ-ին վերամիավորմանը։ Հայտարարությունն այդ, ի դեպ, բացասական արձագանքի արժանացավ ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արցախի փորձագիտական շրջանակների կողմից, Արցախի ԱԺ 5 խմբակցությունները մեղադրվեցին անհեռատեսության և ունքը շինելու տեղը աչքն էլ հետը հանելու մեջ։
Տեղեկություններ կան անգամ, որ Արցախի քաղաքական որոշ դերակատարներ ՌԴ-ին միանալու «խնդրագրով» գործուղվել, գուցեև՝ ինքնագործուղվել են Կրեմլ, սակայն չեն հաջողել անգամ ներս մտնել։ Արցախի քաղաքական որոշ շրջանակներ որքան էլ հանրությանը հույսեր ներշնչեն՝ մեր պատմական հայրենիքի մի մասի համար երաշխավորելով, դիցուք, թաթարստանյան «հով ու ապահով» ապագա, մեկ է՝ չեն կարողանալու այդ հույսերն արդարացնել, չեն կարողանալու ՌԴ-ին համոզել իր «խնամակալական» գիրկն առնել այնտեղ շտապող Արցախին (որքան էլ այդ մարդասիրական օպերացիան մատուցվի որպես գոյապահպանմանը միտված ծայրահեղ միջոց)։ Այն Արցախին, որը ՌԴ-ի համար, ինչպես պարզվեց երեկ Սոչիում ընդունված հայտարարության շարադրանքից, ընդամենը խաղաղապահության տեղակայման գոտի է, եթե կուզեք՝ զորանոց, ընդ որում՝ առանց տեղակայման համապատասխան կոորդինատների ճշգրտման։ Արցախյան խնդրի բանակցային ողջ գործընթացի ժամանակ, 44-օրյա պատերազմից հետո հատկապես, Արցախի կարգավիճակի հարցը անորոշ ապագային թողած ՌԴ ղեկավարի համար, դատելով նրա հրապարակավ արված հայտարարություններից, Արցախը ոչ թե Հայաստան է, այլ Ադրբեջան։
Հետևապես ՌԴ-ն, որը մինչև ականջները թաթախված է ուկրաինակական պատերազմում և զբաղված է նոր ձևավորվելիք աշխարհակարգում իր լինել-չլինելու հետ կապված հարցերը լուծելով, իր համար երկրորդ ճակատ չի բացի Կովկասյան տարածաշրջանում՝ ԼՂ խնդրի կարգավորման, ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների նորմալացման միջնորդից փոխակերպվելով հակամարտության կողմի, առճակատման գնալով Ադրբեջանի և նրա ավագ եղբոր՝ տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդած Թուրքիայի հետ։ Արցախում, հուսանք, այսքանը գիտակցող շատ խելացի մարդիկ կան։ Հիշեցնենք, որ ուկրաինական պատերազմի նախօրեին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին 43-կետանոց հռչակագրի ստորագրումից հետո Ադրբեջանի նախագահը հատկապես մեջբերել էր այն կետը, որում նշվում է, թե «Ռուսաստանն ու Ադրբեջանն իրենց հարաբերությունները կառուցում են սահմանների անքակտելիության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա»: Սա արդյոք «Արցախն Ադրբեջան է» պուտինյան ընկալման ամրագրումը չէ՞՝ երկու երկրների միջև ստորագրված հռչակագրի տեսքով։
Արցախի միակ պահանջն ու ակնկալիքը իր անվտանգության երաշխավորից պետք է լինի իր խաղաղապահ առաքելության «տեղակայման գոտում» իրականացվող քաղաքականության ճշգրտումն ու վերանայումը, այն քաղաքականության, ինչի հետևանքով Արցախը կրել է տարածքային կորուստներ՝ Փառուխի, Խծաբերդի և Հին Թաղերի օրինակով։ Արցախի անունից «ռուսաց թագավորի» «կուշտը» գնալու փոխարեն՝ Արցախի պետական համապատասխան այրերը պետք է փորձեն նրանից հստակ երաշխիքներ ստանալ առ այն, որ շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումները, արցախահայությանը ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերն այսուհետ բացառվելու են, արհեստականորեն հումանիտար ճգնաժամեր չեն հարուցվելու՝ պայթած գազատարի, վթարված էլեկտրակայանի, փլուզված ճանապարհի և ենթակառուցվածքային այլ խափանումների տեսքով։
Ելենա Ազատյան