Նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտագնա նիստը:
Կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնահերթությունների իրականացման վերաբերյալ ելույթ է ունեցել Հակոբ Արշակյանը: ԱԺ նախագահի տեղակալը նախ շնորհակալություն է հայտնել ներկաներին հանձնաժողովի նախագահի ընտրության հարցում իր նկատմամբ ցուցաբերած վստահության եւ աջակցության համար:
«Մեր ընդհանուր խնդիրը միջազգային անվտանգության ոլորտում ծագող մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու հարցում միջոցներ մշակելն է, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտում խորհրդարանական փոխգործակցության ապահովման համար պայմանների ստեղծումը»,- փաստել է նա:
Հակոբ Արշակյանը մանրամասն անդրադարձել է 2021-2022 թթ. ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների իրականացման առաջընթացին: Նշվել է, որ ստանձնելով նախագահությունը՝ Հայաստանն առաջնահերթ ճգնաժամային իրավիճակների արձագանքման մեխանիզմների արդիականացման, մոնիթորինգի, կանխատեսման եւ ճգնաժամային իրավիճակների կանխարգելման խնդիր է դրել: Այս համատեքստում Հակոբ Արշակյանը հիշեցրել է, որ Ղազախստանում տարեսկզբին հաջողությամբ եւ օպերատիվ իրականացված խաղաղապահ գործողությունը ցույց տվեց, որ ՀԱՊԿ-ն ունակ է: Նրա խոսքով՝ միասնություն եւ համախմբվածություն այս պարագայում դրսեւորել են ՀԱՊԿ բոլոր պետությունները, ինչը պետք է արտահայտվի նաեւ կազմակերպության ցանկացած այլ դաշնակից պետության նկատմամբ:
Հակոբ Արշակյանը փաստել է, որ Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում արտաքին քաղաքականության համակարգման խորացմանը եւ փոխադարձ աջակցությանը միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ համակարգված մոտեցումների մշակմանը: Հայաստանի Հանրապետության մեկ այլ գերակայություն է ՀԱՊԿ զորքերի (Հավաքական զորքերի) հետագա զարգացումը: ԱԺ փոխխոսնակն ընդգծել է կազմակերպության խորհրդարանական փոխգործակցության դերը: Ըստ նրա՝ օրենսդրական աշխատանքի համակարգման անհրաժեշտություն կա:
Հակոբ Արշակյանի գնահատմամբ խաղաղության պահպանումը եւ միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ապահովումն ամենահրատապ խնդիրներն են ամբողջ մարդկության համար: «Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի կառուցողական մտադրության ֆոնին չեն դադարում Բաքվի սադրիչ գործողություններն ու ռազմատենչ հայտարարությունները, որտեղ ուժի կիրառման սպառնալիքները փոխարինվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքի դեմ անթաքույց զավթողական նկրտումներով: Ադրբեջանի սեպտեմբերյան ռազմական ագրեսիան Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության կոպիտ խախտում է, միջազգային իրավունքի հիմնարար նորմերի անտեսում՝ տարածաշրջանային անվտանգությունը խաթարող ամենաանկանխատեսելի լայնածավալ հետեւանքներով»,- հավելել է նա:
Ստեղծված իրավիճակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունը դիմել է ՀԱՊԿ-ին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, այդ թվում՝ ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով: Ի պատասխան՝ հրավիրվել է Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որից հետո առաքելություն է ուղարկվել Հայաստան՝ տեղում վերահսկելու եւ ուսումնասիրելու իրավիճակը:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպմանը՝ նա նշել է, որ ընդունված համատեղ հայտարարությունը հաստատում է բոլոր պայմանավորվածությունների պահպանման հանձնառությունը՝ ի շահ հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, խաղաղության, կայունության, անվտանգության եւ Հարավային Կովկասի կայուն տնտեսական զարգացման ապահովման: Կողմերը պայմանավորվել են լրացուցիչ ջանքեր գործադրել՝ ուղղված առկա խնդիրների հրատապ լուծմանը, այդ թվում՝ հումանիտար:
Հակոբ Արշակյանի համոզմամբ Ադրբեջանի նոր հարձակումները կանխելու համատեքստում առանձնահատուկ դեր է վերապահվում Բաքվի սադրիչ հայտարարություններին միջազգային գործընկերների հասցեական եւ հստակ արձագանքին: «Այս համատեքստում մենք կոչ ենք անում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մեր գործընկերներին հստակ եւ կոնկրետ արձագանքել Ադրբեջանի ագրեսիային, որը խաթարում է խաղաղությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում: Ի դեպ, դա արել են Հայաստանի մի շարք միջազգային գործընկերներ, որոնք ՀԱՊԿ անդամ չեն: Անհրաժեշտ են արդյունավետ քայլեր՝ աջակցելու համաշխարհային հանրության ջանքերին՝ կանխելու նման գործողությունները, ինչպես նաեւ Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ եւ ամբողջական դուրսբերումը Հայաստանի Հանրապետության տարածքից»,-ասել է ԱԺ նախագահի տեղակալը: