Էրդողան․ «Հացահատիկային միջանցքով փոխադրումները կշարունակվեն նախկինի պես»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այսօր ժամը 12-ից սկսած ուկրաինական հացահատիկի փոխադրումները Սև ծովով կշարունակվեն նույն կերպ, ինչպես նախկինում։

Էրդողանն այսօր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խորհրդարանական խմբակցության նիստին ունեցած ելույթի ժամանակ մասնավորապես ասել է. «Երեկ հեռախոսազրույց ունեցա նախագահ Պուտինի հետ, այսօր Զելենսկու հետ եմ խոսելու։ Պարոն Շոյգուն այսօր զանգահարել է պ-ն Աքարին ու տեղեկացրել, որ ժամը 12-ից սկսած, հացահատիկի փոխադրումները նախկինի պես կշարունակվեն»։ 


Շարունակելով Էրդողանն ասել է, որ նախագահ Պուտինի խնդրանքով հացահատիկի փոխադրումներում առաջնահերթություն է տրվելու աֆրիկյան աղքատ երկրների, ինչպիսիք են Սուդանն ու Ջիբութին։

Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի հայտարարել է «հացահատիկային միջանցքի» վերաբերյալ պայմանավորվածությունից դուրս գալու մասին: