«Գյուղական բնակավայրերում դպրոցները, ցավոք, կորցնում են աշակերտներին և գնում են փակման ուղղությամբ: Մենք քաղաքական խնդիր ունենք հանրապետության բոլոր բնակավայրերում կրթությունը դարձնել հասանելի, և ունենք մինչև 2026 թվականը 300 դպրոց ու 500 մանկապարտեզ կառուցելու, ստեղծելու, հիմնանորոգելու կամ վերակառուցելու խնդիր»,- այսօր՝ նոյեմբերի 3-ին, Կառավարության հերթական նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ քննարկումների արդյունքում իրենք եկել են այն եզրակացության, որ այն բնակավայրերում, որտեղ դպրոցների անհրաժեշտ ծանրաբեռնվածություն չկա, պետք է կառուցվեն կրթահամալիրներ, որոնք նախատեսված կլինեն մի քանի բնակավայրերի երեխաների համար. «Այդ կրթահամալիրներն, ըստ անհրաժեշտության, իրենց մեջ կներառեն և՛ դպրոցական, և՛ մանկապարտեզային կոմպոնենտ: Կան գյուղեր, որտեղ մենք եկանք եզրակացության, որ մեկ գյուղի մասշտաբով պետք է լինի կրթահամալիր, որովհետև եթե կա պոտենցիալ, որ այդ գյուղում լինի և դպրոց, և մանկապարտեզ, բնական հարց է ծագում, թե ինչու փոքր թվով աշակերտներով դպրոցի և մանկապարտեզի համար ունենալ երկու առանձին մարզադահլիճ և այլ ենթակառուցվածքներ, ինչը գործնականում նշանակում է չունենալ ոչ մեկը, ոչ մյուսը: Եվ մենք որոշեցինք գնալ այդ ճանապարհով և առաջինը այդ ծրագիրն իրականացնել Սյունիքի մարզում: Հիմա մենք կողմնորոշվել ենք, որ Սյունիքի մարզում 53 կրթահամալիր մեր այս բարձրացրած խնդիրը լուծում է: Այս որոշմամբ մենք առավել կոնկրետացնում ենք մեր անելիքները Կապան խոշորացված համայնքում»: