ԵՄ-ն Ռուսաստանի սառեցված ակտիվները կարող է փոխանցել Ուկրաինային. Bloomberg
Եվրամիությունը ուսումնասիրում է հարյուր միլիարդավոր եվրոյի սառեցված ռուսական ակտիվները Ուկրաինային փոխանցելու հնարավորությունը, որոնք կարող են օգտագործվել ռուսական ագրեսիայից հետո երկիրը վերականգնելու համար։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:

Գործակալությունը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, գրում է, որ այս հարցն արդեն մշակման վաղ փուլում է՝ փորձագետների մակարդակով, այդ թվում՝ միջազգային իրավունքի։

«Գնահատականն այն բանի, թե հնարավո՞ր է արդյոք վերահսկողություն ձեռք բերել ակտիվների նկատմամբ, և ինչպե՞ս դա անել, չափազանց բարդ է և հղի է պոտենցիալ իրավական հետևանքներով»,- նշում է Bloomberg-ը: 

Նրա տվյալներով՝ արդյունքում կարող է առգրավվել Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվների առնվազն մի մասը՝ շուրջ 300 միլիարդ եվրոյի չափով, որոնք սառեցված են ԵՄ-ում, ԱՄՆ-ում և նրանց դաշնակից երկրներում Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժումից հետո։ 

Այնուամենայնիվ, Բայդենի վարչակազմը առայժմ չի շտապում դիտարկել նման քայլը՝ ելնելով մտավախություններից, որ նման նախադեպից հետո այլ երկրների կենտրոնական բանկերը կարող են ձեռնպահ մնալ իրենց ակտիվներն ԱՄՆ-ում տեղակայելուց, ասվում է հրապարակման մեջ։