Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում հարգել քաղաքացիների սահմանադրական իրավունքները
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը մտահոգություն է հայտնել խաղաղ հավաքների անցկացմանը խոչընդոտելու կապակցությամբ: 

«Մենք, ինչպես նախկինում, անհանգստացած ենք քաղաքացիների վրա ճնշումներով, որոնք Ադրբեջանում իրացնում են իրենց սահմանադրական իրավունքները։ Մենք կառավարությանը կոչ ենք անում հարգել իր քաղաքացիների իրավունքները՝ ներառյալ խաղաղ հավաքների իրավունքը»,- ասել է ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Էլիս Սփենսլին: 

Վերջին տարիներին իշխանությունները արգելք են սահմանել ընդդիմության և քաղաքացիական խմբերի կողմից փողոցային բողոքի ակցիաների անցկացման վրա՝ ի հեճուկս Ադրբեջանի Սահմանադրության Առաջին հոդվածի և Հավաքների ազատության մասին օրենքի:

Այդպիսի ակցիաները դաժանաբար ճնշվում են ոստիկանության կողմից և սովորաբար ավարտվում են ակտիվիստների ձերբակալություններով, մասնավորապես դա տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին, երբ ոստիկանությունը դաժանորեն ճնշել է Բաքվի քաղաքապետարանի դիմաց «Ժողովրդական ճակատ» կուսակցության բողոքի ակցիան։