ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 8-ի որոշմամբ՝ ստեղծվելու է բուհական ուղղությունների ցանկը և բովանդակությունը մշակող աշխատանքային խումբ։ Այս մասին
Civic.am-ը տեղեկացավ ՀՀ կառավարության կայքից։ Աշխատանքային խմբի ղեկավարը մինչև 2022 թվականի նոյեմբերի 30-ը պետք է մշակի և ՀՀ վարչապետին ներկայացնի բուհական համակարգի արդիականացման վերաբերյալ վերլուծական տեղեկանք՝ դրանում ներառելով.
- նոր ձևավորվող բուհերի ցանկի, դրանց ուղղությունների և բովանդակության վերաբերյալ առաջարկություն.
- նոր ձևավորվող բուհերի կողմից իրականացվելիք կրթական ծրագրերի վերաբերյալ առաջարկություն, այդ թվում՝ ընթացիկ ծրագրերի հնարավոր միավորումների և նոր կրթական ծրագրերի ներդրման վերաբերյալ առաջարկություն.
- նոր ձևավորվող բուհերում ուսանողների կանխատեսվող քանակի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ վիճակագրական տվյալներ վերջին 10 տարիներին տարեկան կտրվածքով բուհերից յուրաքանչյուրի (այդ թվում՝ մասնավոր) դիմորդների և շրջանավարտների վերաբերյալ.
- ակադեմիական քաղաքում նոր ձևավորվող բուհերի տեղակայման վերաբերյալ առաջարկություն.
- համապատասխան բուհին միավորվող գիտահետազոտական ինստիտուտների և գործառույթների վերաբերյալ տեղեկատվություն.
- ուհական (ֆիզիկական, բովանդակային և իրավական ենթակառուցվածքը սահմանող) ստանդարտների վերաբերյալ առաջարկություն.
- սպայական ուսումնական հաստատության բովանդակության վերաբերյալ հայեցակարգ՝ նկատի ունենալով, որ «սպայական ակադեմիայի» հիմնական առաքելությունը պետք է լինի պետականակենտրոն սպա պատրաստելը։
Ըստ որոշմանը կից հավելվածի՝ աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են լինելու Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը (աշխատանքային խմբի ղեկավար), Ազգային ժողովի պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը (համաձայնությամբ), Ազգային ժողովի պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը (համաձայնությամբ), կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը (համաձայնությամբ), ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետը, ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնական (Գևորգ Բարսեղյանը), ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետը։