Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ Ռուսաստանին անհրաժեշտ կլինի առնվազն մեկ շաբաթ Դնեպրի աջ ափից, այդ թվում՝ Խերսոնից, զորքերը դուրս բերելու համար։ Այս մասին նա ասել է Reuters-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը Խերսոնի մարզում ունի 40 հազար զինվորական։ Ռուսական ուժերը, պնդում է Ռեզնիկովը, դեռևս մնում են Խերսոնում, քաղաքի շրջակայքում և Դնեպր գետի աջ ափին, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը հայտարարել է նահանջի մասին։
«Այդ զորքերը Խերսոնից մեկ-երկու օրում դուրս բերելն այնքան էլ հեշտ չէ։ Առնվազն (դա կտևի) մեկ շաբաթ»,- ասել է նախարարը։ Նա նշել է, որ Ռուսաստանի գործողությունները դժվար է կանխատեսել։
Ուկրաինայի Զինված ուժերի տեղեկություններով՝ ռուսները մասամբ դուրս են բերել զորքերը, սակայն ստորաբաժանումների և տեխնիկայի մի մասը շարունակում են մնալ Դնեպրի աջ ափին: