473 կմ ճանապարհ` 175 համայնքում. ավարտվեց «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» տասնամյա ծրագիրը․ տեսանյութ
2022 թվականի դեկտեմբերի վերջին ավարտվում է Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացված ամենաարդյունավետ ծրագրերից մեկը՝ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիրը»։ Այն մեկնարկել է 2013 թվականին։ Վերջին 10 տարվա ընթացքում Համաշխարհային բանկի աջակցությամբ ծրագրի շրջանակներում հանրապետության 175 համայնքներում վերականգնվել են շուրջ 453 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհներ, որոնք նպաստել են գյուղական բնակչության սոցիալ-տնտեսական կյանքի բարելավմանը, միջհամայնքային կապերի աշխուժացմանը և ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացմանը։ 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նկատեց, որ ծրագրի անվանումը շատ դիպուկ բնութագրում է դրա էությունը, քանի որ այս ծրագիրը կենսական նշանակություն է ունեցել տեղի բնակիչների համար։

Նախարարը կարևորեց նաև հանգամանքը, որ ծրագրի շրջանակներում ոչ միայն ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել, այլև այլ ենթակառուցվածքները ևս հիմնանորոգվել և նորոգվել են։

Համաշխարհային բանկի ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց ներկաներին և նշեց, որ ամեն ինչ սկսվում է ճանապարհներից և այս ծրագրի իրականացումից հետո տեղի բնակիչները, երեխաները, ուսուցիչները կկարողանան բարեկարգ ճանապարհներներով գնալ դպրոց, հիվանդանոց։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ներկայացնելով ծրագրի արդյունքները ասաց․

«Ծրագրով իրականացված աշխատանքները նպաստել են նաև բնակիչների կենսամակարդակի բարձրացմանը։ Ապահովվել է բնակիչների համար հասանելիությունը կրթական, առողջապահական, սոցիալական հաստատություններին։ Ծրագիրը այսուհետ կշարունակվի, բայց որպես պետական ծրագիր՝ կառավարության հատկացրած միջոցներով, սուբվենցիաներով»։

Մանրամասն` տեսանյութում

Վովա Հակոբյան