ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հարցին՝ չե՞ք կարծում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նոյեմբերի 8-ի հայտարարությունը միջնորդկան ջանքերը հեղինակազրկելու և նոր պատերազմ սկսելու նախաբան է, պատասխանեց. «Ձեր զարգացրած տրամաբանությունը հասկանալի է, և որևէ մեկը չի կարող ասել, որ այդ տրամաբանությունը փաստարկված չէ: Բայց դա չի նշանակում, որ մենք պիտի դա արձանագրենք և համակերպվենք այդ իրողության հետ»:
Վարչապետի խոսքով՝ անհրաժեշտ է գույքագրել և ճշգրտել այն պայմանավորվածությունները, որոնց չկատարման մեջ Ադրբեջանը փորձում է մեղադրել Հայաստանին. «Մենք պետք է գնանք այս ճանապարհով, որպեսզի և մեր հանրությանը, և միջազգային հանրությանը, հարկ եղած դեպքում նաև Ադրբեջանի հանրությանը ճիշտ ներկայացվի, թե որոնք այդ պայմանավորվածությունները, և ով իրականում չի կատարում պայմանավորվածությունները: Սրա նպատակը բոլորովին լեզվակռիվն ու էսկալացիան չէ, այլ գույքագրելը և կատարելը պայմանավորվածությունները»:
«Մենք խոսում ենք այն պայմանավորվածությունների մասին, որոնք գրավոր արձանագրված են: Երեկվա իմ ելույթը դրան էր նվիրված. փորձել գույքագրել, ճշգրտել, թե ինչ պայմանավորվածություններ կան: Եվ ես կարծում եմ՝ երեկվա իմ ելույթը ծառայել է իր նպատակին. այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում մեզ մեղադրում են, որ մենք Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապի հաստատման գործը վիժեցնում ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ ի տարբերություն Ադրբեջանի նախագահի՝ ԱԳՆ-ն այլևս չի օգտագործում «միջանցք» բառը, որովհետև ԱԳՆ հայտարարության հիմնական հասցեատերը միջազգային հանրությունն է:
«Ուզո՞ւմ են Հայաստանի ճանապարհներն օգտագործել Նախիջևանի հետ կապ ստեղծելու համար, խնդրեմ: Մենք ասել ենք, որ այդ ճանապարհը ցանկացած պահի կարող է բաց լինել: Եռակողմ հայտարարության մեջ չկա որևէ դրույթ, որ ՀՀ օրենսդրությամբ չպետք է գործեն այդ ճանապարհները, իհարկե, ՀՀ օրենսդրությամբ պետք է գործեն, ինչպես որ, եթե մենք օգտագործենք Ադրբեջանի ճանապարհները, դրանք պիտի գործեն Ադրբեջանի օրենսդրությամբ»,- ասաց վարչապետը: