Հանրային հեռուստաընկերությանը այսօր տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Պրահայի հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ հստակ արձանագրում չկար, որ ադրբեջանական զորքերը մեր ինքնիշխան տարածքում են 2021 թ- մայիսից և չէր հնչում պահանջ, որ նրանք պետք է ազատեն ՀՀ տարածքը, այն դեպքում, երբ այդ հայտարարության մեջ հիշատակվում է 1991 թ-ի Ալմաթիի հռչակագիրը, և այդ հիմքով 2 կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, ասաց․ «Եթե մենք փոխադարձաբար ընդունում ենք 1991 թ-ի սահմանը, դրանով արդեն արձանագրվում է, որ Ադրբեջանը օկուպացրել է մեր տարածքը։ 1991 թ սահմանը տեսական երևույթ չէ, ամբողջ աշխարհը գիտի՝ որտեղով է անցնում այդ սահմանը, դրանք Խորհրդային միության ադմինստրատիվ սահմաններն են, որոնք բոլորին հայտնի են, և այդ փաստով արձանագրվում է, որ Ադրբեջանն օկուպացրել է մեր տարածքները»։
Վարչապետի խոսքով՝ եթե Ադրբեջանը ճանաչում է այդ սահմաները, իսկ արձանագրվել է, որ ճանաչում է, նշանակում է՝ պետք է դուրս գա այդ տարածքներից։ «Առավել ևս, որ հետագա քննարկումներով էլ արձանագրվել է, որ այդ հիմքի վրա պետք է տեղի ունենա սահմանների դելիմիտացիա։ Դա արձանագրված է, արձանագրված է դիվանագիտական ճկուն բառապաշարով, բայց կատարված չէ։ Ամենակարևորը միջազգային այդպիսի ֆորմատում դա արձանագրելն է և շարունակել աշխատանքը դա կյանքի կոչելու համար»,-շեշտեց վարչապետը։
Նրա խոսքով՝ Պրահայում հենց այս համատեքստում է տեղի ունեցել ԵՄ դիտորդական առաքելության գործուղման որոշումը։ «Եթե սահմանի գոյություն չֆիքսվեր, ոչ դիտորական , ոչ որևէ ալ առաքելություն չէր կարող գալ, որովհետև պարզ չէ, թե որտեղ է սահմանը»,-նշեց նա։
Վարչապետի խոսքով՝ նույնը արձանագրվել է Սոչիի հանդիպման արդյունքում։
Մանրամասները՝ տեսանյութում։