ԼՂ հայության անվտանգության երաշխիքները պետք է ոչ միայն ստեղծված լինեն, այլ կյանքով փորձարկվեն. Վարչապետը` ՌԴ խաղաղապահների դուրս գալու մասին
Ես Սոչիում ՌԴ նախագահին ասել եմ, որ պատրաստ եմ ստորագրել թուղթը` խաղաղապահների ժամկետի երակարաձգման մասին, բայց փոխըմբռնում չի եղել: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նա նշեց, որ Ադրբեջանի նախագահի նոյեմբերի 8-ի ելույթը Սոչիի հայտարարության` խաղաղապահներին առնչվող դրույթի խախտում է, «Ընդամենը ութ օր առաջ Ադրբեջանի նախագահը ստորագրել է թուղթ, որտեղ ասվում է խաղաղապահների գործունեությունը պահանջված է` կայունության ապահովման համար և ութ օր հետո խոսում է մի լեզվով, որը հակասում է այդ տրամաբանությանը»: 

Վարչապետի խոսքով` տեսականորեն հնարավոր է որ 2025թ. հետո խաղաղապահների ժամկետի երակարացումը պահանջված չլինի, եթե ԼՂ հայության իրավունքների, անվտանգության բոլոր երաշխիքները ստեղծված լինեն. «Բայց այդ երաշխիքները ոչ միայն պետք է ստեղծվեն, այլ կյանքով պետք է փորձարկվեն: ՌԴ խաղաղապահները առանց նման երաշխիքների հստակ ձևակերպման չեն կարող դուրս գալ: ՌԴ խաղաղապահները ԼՂ շփման գծի եկայնքով և Լաչինի միջանցքով տեղակայվել են Ռուսաստանի դաշնային խորհրդի ընդունած որոշման հիման վրա, որտեղ գրված է, որ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ քաղաքացիների սպանություններն ու տեղահանությունները կանխելու և թույլ չտալու համար: Եթե 2025-ին Ռուսաստանը ցանկություն չունենա կամ կարողություն չունենա դա ապահովել, ՌԴ-ն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ է, պետք է դիմի խորհրդին ու ասի` ես ֆիքսել եմ այս սպառնալիքը բայց չեմ կարող կամ չեմ ուզում դա լուծել, հետևաբար ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է լուծի` ես գնում եմ, թող ուրիշը գա: Միջազգային մեխանիզմները կգտնեն ձևեր խաղաղապահներ տեղակայելու համար»: