Գործընկեր երկրի հետ փոխանցված գումարի դիմաց զենք ստանալու խնդիրը չի լուծվել, փորձում ենք զենքի ձեռք բերման մեր հնարավորությունները դիվերսիֆիկացնել. վարչապետ
«Մենք այսօր փորձում ենք զենքի և սպառազինության ձեռք բերման մեր հնարավորությունները դիվերսիֆիկացնել և այդ ուղղությամբ գնալու ենք առաջ: Եթե որևէ արդյունքի մասին հայտարարելու անհրաժեշտություն կլինի դրա մասին կհայտարարենք»,- այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով Հնդկաստանից զենքի գնման հրապարակումների մասին: 
Անդրադառնալով իր այն հայտարարությանը, որ Հայաստանի կողմից որոշ ժամանակ առաջ գումար է փոխանցվել գործընկեր երկրներից մեկին, բայց զենքը չի մատակարարվել, ինչպես նաև գումարը հետ չի վերադարձվել, վարչապետն ընդգծեց, որ խնդրի մասին քննարկումները շարունակվում են. «Ցավոք, մինչ օրս խնդիրը չի լուծվել, ընթացքի մեջ է»:

Լրագրողի դիտարկմանը` մամուլում որպես գործընկեր Հորդանանի մասին է խոսվել, որ գումար է փոխանցվել Հայաստանից` զենք ձեռք բերելու համար, սակայն զենքը չի մատակարարվել, վարչապետն արձագանքեց. «Մամուլը ինչպես միշտ շատ հավաստի տեղեկատվություններ ունի»: