Եթե ուզում ենք աղետների առաջ չկանգնեցնել Հայաստանը եւ ԼՂ-ն, մենք այդ վետոյով պետք է ամբողջ աշխարհի դեմ միայնակ կռիվ չտանք․ Փաշինյանը՝ ԼՂ խնդրի լուծման պատկերացումների մասին
Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով հարցին, թե այսօր ո՞րն է Հայաստանի իշխանության դիրքորոշումը Արցախի հարցում. Արցախը Հայաստան է եւ վե՞րջ, թե՞ Հայաստանը ընդունել է, որ Արցախն Ադրբեջանի կազմում է, ասել է․ «Եթե մենք ուզում ենք աղետների առաջ չկանգնեցնել Հայաստանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղը, մենք այդ վետոյով պետք է ամբողջ աշխարհի դեմ միայնակ կռիվ չտանք, որովետեւ չենք կարող տալ»։ Վարչապետը նաև հավելել է, որ պետք է իրագործելի ծրագիր ունենալ, թե ինչպես ենք լուծում խնդիրը։ Նրա համոզմամբ՝ նոր իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը նոր տեսության անհրաժեշտություն ունի։

«Ոչ թե նրա համար, որ  հին տեսությունը վատն է, այլ որ այդ տեսության ընդունման առաջին իսկ օրից մեր բոլոր գործողությունները հակասել են այդ տեսությանը եւ, ի վերջո, բերել, հասցրել են նրան, որ այդ տեսությունը գործնականում չեղարկվել է առաջին հերթին մեր կողմից»,– ասել է նա։

Փաշինյանն այսօր իրեն ամենաշատը մեղավոր է զգում, որ 2018 թվականին չի ասել ամեն ինչ այնպես, ինչպես ասում է հիմա։ «Համարել եմ, որ որպես մոհիկան պետք է պայքարեմ հանուն այդ նարատիվի։ Հետո պարզվել է, որ դա ոչ մեկին պետք չի եւ ոչ մեկ պատրաստ չի եւ պատրաստ չի եղել այդ նարատիվին, այդ տեսությունը արձանագրելուն եւ դա փրկելուն ուղղված որեւէ գործողություն անելուն, երբ իշխանական լծակներ է ունեցել։ Մենք պետք է արձանագրենք, որ դա տեղի է ունեցել, պետք է առերեսվենք այս իրականության հետ»,– նշել է նա՝ հավելելով, որ 30 տարի մենք այնպես ենք վարվել, կարծես ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը չկան, բայց կան դրանք և եղել ենք միշտ։