Արցախի արտգործնախարարը Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) իր գործընկերոջ հետ հարցերի լայն շրջանակ է քննարկել
Նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) արտաքին գերատեսչության ղեկավար Վիտալի Իգնատևի զրույցը տեսակապով։ Այս մասին հաղորդում է Արցախի ԱԳՆ-ն։

«Նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) արտաքին գերատեսչության ղեկավար Վիտալի Իգնատևի զրույցը տեսակապով։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացներին, հակամարտությունների կարգավորման միտումներին վերաբերող թեմաների շուրջ։ Կարևորվել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև կապերի պահպանումն ու ընդլայնումը։

Նախարար Բաբայանը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Մերձդնեստրում ստեղծված էներգետիկ ճգնաժամի կապակցությամբ և նշել, որ Արցախում ապրումակցում են Մերձդնեստրի ժողովրդին: Նախարարը նաև հույս է հայտնել, որ ՄՄՀ ղեկավարությանը կհաջողվի հնարավորինս սեղմ ժամկետում կայունացնել իրավիճակը»-ասված է Արցախի ԱԳՆ հաղորդագրության մեջ։