Կոնստանտին Զատուլինի սուտը, ընդդիմության «անտեղյակությունն» ու ընդդիմադիր մամուլի ողորմելի կեցվածքը
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին անցանկալի անձ հայտարարելուց հետո քննարկումները շարունակվում են։ Օրերս Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ընթացքում հաղորդավար Պետրոս Ղազարյանը հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին. «Զատուլինը հայտարարում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ մենք միջանցք ենք ստորագրել, և նա ասում է՝ գնացեք ստորագրողին հարցրեք, թե ինչու է ստորագրել, սա Ալիևի նարատիվն է։ Երբ Զատուլինը կրկնում է Ալիևի միտքը և ստում է, և դա ուղղված է մեր անվտանգության դեմ, ձեզնից որևէ մեկը չի ասում՝ հարգելի Զատուլին, գուցե դրա՞ համար է Ձեր մուտքն արգելվել», ինչին ի պատասխան Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Եթե նման բան է ասվել, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթում նման բան է գրված, ես չեմ լսել ճիշտն ասած, բայց եթե ասվել է՝ դատապարտելի է։ Ցանկացած անձի եմ ես դատապարտում, ով նման բան կասի»։ Ստացվում է, որ Արծվիկ Մինասյանը չի դիտել, չի լսել սեփական կուսակցությանը պատկանող «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ Զատուլինի արված հայտարարությունները, չգիտի՝ ինչի համար են Զատուլինին անցանկալի անձ հայտարարել, բայց սատարում է վերջինիս ու դատապարտում ՀՀ իշխանությունների որոշումը։ Եթե «Հայաստան» խմբակցությունում չգիտեն Զատուլինին անցանկալի անձ հայտարարելու պատճառների մասին, ապա ինչպե՞ս են սատարում վերջինիս։ Գուցե Զատուլինը շատ ավելի հակահայկական, Հայաստանի շահը վնասող, պրոադրբեջանական հայտարարությո՞ւն է արել։ 

Ինչևէ, այս հարցազրույցին անդրադառնում է Hraparak.am-ը և կապվում Կոնստանտին Զատուլինի հետ, հարցնելով՝ ասե՞լ է Զատուլինը նման բան, թե՞ ոչ։ Hraparak-ը չի վստահում սեփական ականջներին, չի փորձում ընդամենը յութուբում մի որոնմամբ գտնել Զատուլինի՝ «Երկիր մեդիային» տված հարցազրույցը ու անձամբ լսել՝ ասե՞լ է նման բան Զատուլինը, թե՞ ոչ, այլ փորձում է Զատուլինից ճշտել՝ ասե՞լ է նա այդպիսի բան, թե՞ ոչ։ Զատուլինն էլ, պատասխանելով «Հրապարակ»-ի հարցին, ասում է. «Ոչ, ես այդպիսի բան չեմ հայտարարել։ Հայկական լրատվամիջոցներից մեկն ինձ հարց տվեց, թե ինչո՞ւ է Ռուսաստանը Հայաստանից պահանջում, որ Հայաստանը միջանցք բացի։

Ես ասացի, որ միջանցքի հարցի վերաբերյալ ամեն ինչ ճշտեք Նիկոլ Փաշինյանից, քանի որ նա իր վրա է վերցնում կամ չի վերցնում ինչ-որ պարտավորություններ, այդ թվում՝ կապված միջանցքի հետ։ Ահա այն ամենը, ինչ ես ասել եմ դրա վերաբերյալ, ես ոչ մի համաձայնագրի հղում չեմ կատարել։ Դա արդեն հետո սկսեցին գրել, թե Զատուլինը Հայաստանին վերագրում է միջանցքի համաձայնություն, մինչդեռ եռակողմ հայտարարության մեջ նման համաձայնություն չկա։ Ես եռակողմ հայտարարությանն ընդհանրապես հղում չեմ արել, դա այդպես են մեկնաբանել հայկական այն ԶԼՄ-ները, որոնք կառավարության գիծն արդարացնելու շահագրգռվածություն ունեն»։ 

Եվ ուրեմն «Երկիր մեդիայի» յութուբյան ալիքում «Կոնստանտին Զատուլինի բացառիկ հարցազրույցը Երկիր մեդիային» վերնագրով տեսանյութի 10:38 րոպեից խոսվում է «միջանցքի» մասին, որտեղ Զատուլինը ասում է. «Հնարավոր միջանցքի շուրջ հարցերը պետք է տալ նրանց, ովքեր ստորագրել են համաձայնագիրը։ Հայկական կողմից դա եղել է Նիկոլ Փաշինյանը։ Երբ նա ստորագրում էր այդ համաձայնագիրը, ինչի՞ մասին էր մտածում։ Այդ ձեր վարչապետն է ստորագրել նման պայման»։ Սա ուղիղ մեջբերում է Զատուլինի՝ «Երկիր մեդիային» տված հարցազրույցից։ Երբ Զատուլինն ասում է՝ հնարավոր միջանցքի շուրջ հարցերը պետք է տալ նրանց, ովքեր ստորագրել են համաձայնագիրը, ի՞նչ համաձայնագիր նկատի ունի, եթե ոչ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը։ Երբ Զատուլինը հայտարարում է, թե այդ ձեր վարչապետն է ստորագրել նման պայման, ի՞նչ պայմանի մասին է խոսում, ո՞ր փաստաթղթով է մեր վարչապետը նման պայման ստորագրել։ Այս հարցերը, իհարկե, ո՛չ «Երկիր մեդիայի», ոչ էլ «Հրապարակի» լրագրողները չտվեցին Կոնստանտին Ֆյոդորովիչին։ 

Ստացվում է՝ Պետդումայի պատգամավորը կա՛մ ստում է՝ նշելով, որ որևէ համաձայնագրի հղում չի արել, կա՛մ հիշողության հետ կապված խնդիրներ ունի։ Ավելին, իր չհիշելը կամ ստելը արդարացնելու համար հայկական լրատվամիջոցներին է փորձում մանիպուլյացիայի և ստի մեղադրանքներ ներկայացնել։ Հայկական փառապանծ ընդդիմությունն էլ «բանից անտեղյակ» ոչ միայն դատապարտում է հակահայկական, պրոադրբեջանական նարատիվներ տարածող պաշտոնյայի մուտքը Հայաստան արգելելու որոշումը, այլ մի բան էլ «Լազարևյան» ակումբում գոհ քմծիծաղ տալիս Զատուլինի՝ ՀՀ իշխանությունների նկատմամբ բացահայտ սպառնալիքներին։ Այս դեպքում էլ ընդդիմությունը հո չի՞ կարող ասել, որ չի լսել նման բան։ Իրենց ներկայությամբ Զատուլինը Լազարևյան ակումբի նիստի ժամանակ, հիշեցնելով Եգիպտոսի սպանված նախագահ Սադաթին, ուղիղ համեմատություն է անցկացնում ՀՀ իշխանությունների հետ՝ նշելով. «Բացարձակապես նույնական պատմություն է։ Ես խորհուրդ եմ տալիս այն մարդկանց Հայաստանում կամ Եգիպտոսում, որոնք գնում են այդպիսի գործարքների, հիշել՝ ինչպես դա վերջացավ անձամբ նրանց համար, ովքեր ստորագրեցին այդպիսի համաձայնագրեր, օրինակ՝ Սադաթը»։ 

Հիշեցնենք, որ Անվար Սադաթը Եգիպտոսի նախագահն էր, որի կողմից Քեմփ-Դեյվիդի համաձայնագրերի ստորագրումը և 1978 թվականին Իսրայելի հետ խաղաղություն կնքելը պատճառ դարձան իսլամիստ ծայրահեղականների կողմից նրա սպանության համար։ 

Վովա Հակոբյան