Associated Press. Լավրովին հոսպիտալացրել են Բալիում G20-ին ժամանելուց հետո. Զախարովան դա անվանել է «ֆեյք»
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բալիում G20-ի գագաթնաժողովին ժամանելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Ինդոնեզիայի պաշտոնյաների շրջանում աղբյուրներին։
Գործակալության երկու զրուցակիցների խոսքով՝ ռուս դիվանագետը բուժում է անցնում Բալիում սրտի հիվանդության պատճառով։
Associated Press-ի տվյալներով՝ նախարարին տեղափոխել են ինդոնեզական կղզու հարավում գտնվող Դենպասարի Sanglah:
Իր հերթին Բալիի նահանգապետը Reuters-ին հայտնել է, որ Լավրովը առողջ է և կարճ ժամանակով այցելել է հիվանդանոց՝ բուժստուգում անցնելու համար։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ֆեյք» է անվանել Բալիում Լավրովի հոսպիտալացման մասին տեղեկությունները։ «Մենք այստեղ՝ Ինդոնեզիայում, Սերգեյ Վիկտորովիչի հետ լուրեր ենք կարդում և չենք հավատում մեր աչքերին. պարզվում է՝ նա հոսպիտալացվել է: Սա, իհարկե, ֆեյքերի բարձրագույն պիլոտաժ է։ Դե, սպասեք համաշխարհային էքսկլյուզիվի»,- ասել է նա իր Telegram-ալիքում։
Զախարովան նաև տեսանյութ է հրապարակել նախարարի հետ։ Թե որտեղ է այն ձայնագրվել, պարզ չէ։ Տեսանյութում Լավրովը, մեկնաբանելով իր հոսպիտալացման մասին լուրերը, արևմտյան լրագրողներին մաղթել է «ավելի ազնիվ լինել» և «ավելի հաճախ գրել ճշմարտությունը»։
Ինքը՝ Լավրովը, իր հոսպիտալացման մասին լուրերի ֆոնին ՏԱՍՍ-ին հաղորդել է, որ հյուրանոցում պատրաստվում է G20-ի գագաթնաժողովին։