«Գազպրոմ Արմենիա»-ն կոչ է անում զերծ մնալ շմոլ գազով թունավորման դեպքերը միայն բնական գազի օգտագործման հետ կապելուց
Որոշ լրատվական կայքերում հրապարակված շմոլ գազով թունավորման դեպքերի վերաբերյալ ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության առումով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր անհամաձայնությունն է հայտնում;

Այս մասին ասվում է ընկերության հրապարակած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՀՀ տարածքում գործող տարբեր բուժկենտրոններից, ոստիկանության բաժանմունքներից և ՀՀ արտակարգ իրավիճակների տարածքային ստորաբաժանումներից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վթարակարգավարական ծառայության 1–04 և այլ կոնտակտային հեռախոսահամարներին ընդունված կարգով հաղորդված կանչերի ու տեղեկատվության համաձայն` հանրապետության տարածքում ս.թ. նոյեմբերի 1-ից 11-ը արձանագրվել է շմոլ գազից թունավորման թվով 11 դեպք։

Մինչդեռ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից որևէ տեղեկատվություն կամ կանչ ընդհանրապես չի գրանցվել: 
Նման կանչեր կամ տեղեկատվություն ստանալով՝ «Գազպրոմ Արմնեիա» ՓԲԸ-ն, առաջնորդվելով ՀՀ կառավարության 12․04․2007թ․ N 580-Ն որոշմամբ հաստատված կարգով, կատարում է մասնագիտական քննություն և սահմանված կարգով կազմում արձանագրություն թունավորման դեպքերի առաջացման պատճառների և պայմանների վերաբերյալ, որոնք հաշվետվությամբ ներկայացվում են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին: 

Հաշվի առնելով այն, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից շմոլ գազից թունավորումների վերաբերյալ ընդունված կարգով «Գազպրոմ Արմնեիա» ՓԲԸ-ին չի հայտնվել և մասնագիտական քննություն չի անցկացվել ու չի պարզաբանվել դրանց առաջացման պայմաններն ու պատճառները, ԵՊԲՀ լրատվական ծառայության կողմից դրանք բնական գազի օգտագործման հետ կապելը առնվազն կոռեկտ չէ և դիտարվում է որպես ապատեղեկատվություն:

Ելնելով վերոգրյալից՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կոչ է անում զերծ մնալ չպարզաբանված հանգամանքներում նախնական ախտորոշմամբ շմոլ գազով թունավորման դեպքերը միայն բնական գազի օգտագործման հետ կապելուց և չհաստատված եզրահանգումներ կատարելուց: 

Շմոլ գազը կամ ածխածնի մոնօքսիդը ձևավորվում է օրգանական տարբեր նյութերի թերայրման պայմաններում, մասնավորապես ածխածին պարունակող ցանկացած նյութերի և առարկաների այրման ժամանակ: Այն գոյանում է ածուխի, յուղի, վառելափայտի, բնական գազի և գրեթե ամեն ինչի այրման ընթացքում, ինչը կարող է օգտագործվել այրման ճանապարհով էներգիայի ստացման նպատակով:

Բացի բնական գազով աշխատող գազասարքերից, ածխածնի մոնօքսիդի աղբյուր են հանդիսանում նաև ծխախոտը, օջախները, փայտյա վառարանները, ջեռուցիչները, զոդիչները, խոտհնձիչները, էլեկտրական գեներատորները, ասֆալտապատման մեքենաները: Առավել վտանգավոր է, երբ տվյալ սարքավորումն օգտագործվում է շինություններում կամ փակ տարածքներում: Ածխածնի մոնօքսիդ կամ շմոլ գազ առաջանում է մեքենաների շարժիչներից, որոնց անսարքությունների հետևանքով շմոլ գազը կարող է լցվել մեքենայի խցիկ։