Կոչ ենք անում միջազգային հանրության շահագրգիռ կազմակերպություններին խստորեն դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողությունները և ադեկվատ զսպման մեխանիզներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ. Արցախի ԱԺ
Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ֆոսֆորային ռումբեր օգտագործած ադրբեջանցիները բնապահպանական պատրվակով վերջին օրերին երկրորդ անգամ արգելափակեցին Ստեփանակերտ-Գորիս կյանքի ճանապարհը` նոյեմբերի 9(10)-ի եռակողմ համաձայնագրով միջանցքի կարգավիճակ ստացած մայրուղին:
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կազմակերպված սադրիչ գործողությունները, որոնք միտված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը:
Դիմում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիներին` ցուցաբերել զսպվածություն, լինել զգոն, որպեսզի միասնական ջանքերով կանխենք ադրբեջանցիների ցանկացած սադրիչ գործողություն: Իր գոյապայքարի ընթացքում բազում դժվարություններ հաղթահարած մեր ժողովուրդը այս անգամ էլ կդիմակայի առկա և ապագա մարտահրավերներին:
Միջազգային հանրությանը կոչ ենք անում կոնկրետ քայլերով գործողություններ ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները: Ռուս խաղաղապահներին հորդորում ենք եռակողմ համաձայնագրի շրջանակում առավել կոշտ միջոցներով կանխել ադրբեջանցիների նմանօրինակ հակամարդկային գործողությունները:
«ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» խմբակցության ղեկավար՝ Դ. ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
«ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» խմբակցության ղեկավար՝ Ա. ՄՈՍԻՅԱՆ «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» խմբակցության ղեկավար՝ Դ. ԳԱԼՍՏՅԱՆ
«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ» խմբակցության ղեկավար՝ Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
«ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ - ՔՄԴ» խմբակցության ղեկավար՝ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ