Ադրբեջանն այսօր հերթական անգամ փակել է Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող միակ մայրուղին՝ մտացածին պատրվակ վկայակոչելով։ Մոտ մեկ շաբաթ առաջ էլ, հիշեցնենք, քաղաքացիական հագուստվ մի խումբ ադրբեջանցիներ՝ իբրեւ թե բնապահպան-փորձագետներ, մոտ 4 ժամով փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ ահազանգելով Արցախում օգտակար հանածոների ապօրինի շահագործման եւ դրա բնապահպանական հետեւանքների մասին։ Բաքուն պնդում էր, թե ռուս խաղաղապահները պետք է իր բնապահպաններին թույլ տան անարգել ելումուտ անել արցախ, քանի որ «Ղարաբաղը ադրբեջանական տարածք է»։
Արցախի բարձր ղեկավարությունն Ադրբեջանի գործողություններն այսօր
որակել է «ագրեսիվ վարք», որն ուղղված է Արցախի բնակչությանն ահաբեկելուն եւ կենսական իրավունքներն ու շահերը հարվածի տակ դնելուն, Արցախւմ հումանիտար աղետ ստեղծելուն։ Նման գործողություններով, ըստ Արցախի իշխանությունների, վերոհիշյալ երկիրը եւս մեկ անգամ ցույց է տալիս իր «ցեղասպան եւ հանցագործ քաղաքականությունը», որը բացի Արցախի ժողովիդի դեմ ուղղված լինելուց՝ ուղղված է նաեւ ռուսական խաղաղապահ զորակազմի դեմ՝ «խնդիր է դրված հեղինակազրկել ռուս խաղաղապահներին և հող նախապատրաստել, որպեսզի 2025 թվականից հետո չերկարացվի առաքելության ժամկետը»։
Գնահատականը Արցախի ՄԻՊ-ինն է։
Արցախի ԱԺ-ն, էլ քիչ առաջ հայտարարություն է տարածել՝ կոչ անելով «միջազգային հանրության շահագրգիռ կազմակերպություններին՝ խստորեն դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողությունները և ադեկվատ զսպման մեխանիզներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ»։
Ի՞նչ է ուզում Ադրբեջանը «բնապահպանական օպերացիա» իրականացնելով, ի՞նչ հեռահար նպատակներ է հետապնդում։ Արդյոք Բաքուն ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխատանատվության գոտում գործողություններ իրականացնելիս միանձնյա՞ է գործում, թե ունի արտաքին «դրդիչներ» կամ «խորհրդականներ»։
Civic.am-ի հետ զրույցում Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ Բենիամին Պողոսյանը կարծիք հայտնեց, թե Ադրբեջանի գործողությունների նպատակները տարբեր կարող են լինել, կարճաժամկետ նպատակը հոգեբանական ճնշում գործադրելն է Արցախում ապրող մեր հայրենակիցների վրա։ «Փաստացի մարդիկ նման իրավիճակում հայտնվել են շրջափակման մեջ։ Մյուս կողմից էլ շատ հետաքրքիր տակտիկա են ընտրել ադրբեջանցիները․ սկզբնապես մտադիր էին ուղեկալներ տեղադրել՝ սահմանապահ կամ մաքսային, սակայն հասկանալի էր, որ նման քայլը ռուսների հետ կարող էր խնդիրներ առաջացնել։ Ուստի այժմ իրականացնում են «խաղաղ անհնազանդության» ակցիաներ, այսպես կոչված քաղաքացիական հասարակության անդամ ներկայացող ինչ-որ մարդիկ վրաններ են տեղադրում ճանապարհի վրա եւ ակցիա են իրականացնում։ Եւ նման իրավիճակում չես կարող ֆիզիկական կամ բիրտ ուժ կիրառել այսպես ասած խաղաղ ցույց անողների նկատմամբ։ Ադրբեջանի այսօրինակ գործողությունների կարճաժամկետ նպատակը անընդհատ պրոբլեմներ ստեղծելով հոգեբանական ճնշում գործադրելն է տեղի բնակչության վրա, չի բացառվում նաեւ՝ ինչ-որ բախումներ սադրելը ռուսների կամ հայերի հետ, արյունահեղություն հրահրելը, մի խոսքով՝ ամեն ինչ անելը, որպեսզի մարդիկ զզվեն այս ամենից ու սարսափից ազատվելու համար թողնեն ու հեռանան Արցախից»։ Ադրբեջանի երկարաժամկետ նպատակը, ըստ մեր զրուցակցի, այսպիսով Արցախը դատարկելն է՝ հայաթափելը։
Ռուս խաղաղապահ առաքելությունը ստեղծված իրավիճակում ինչպե՞ս պետք է իրեն դրսեւորի, չէ՞ որ իր առաքելության իրականացման գոտում է այս ամենը տեղի ունենում, եւ, նկատենք, ոչ առաջին անգամ․ դեռ օգոստոսի սկզբին տեղի ունեցած սադրանքի, ավելի վաղ՝ Փառուխի դեպքերի ժամանակ եւս ականատեսը եղանք մի իրավիճակի, երբ խաղաղապահ զորակազմը, մեղմ ասած, չէր իրացնում իր առաքելությունը։ Ի պատասխան՝ մեր զրուցակիցն արձագանքեց․ «Նախ՝ այստեղ կա երկու խնդիր։ Առաջին․ եթե մենք մտածում ենք, որ սա միայն ռուս խաղաղապահների խնդիրն է եւ իրենք պետք է որոշեն՝ ինչ-որ բան անել, կամ չանել, դա արդեն մեզ համար վատ է, որովհետեւ եթե իրենք, դիցուք, կաշառված են, կամ, ասենք, գործ ունենք ավելի գլոբալ խնդրի հետ՝ ՌԴ-Ադրբեջան-Թուրքիա պայմանավորվածություն (տարբերակները կարող են մի քանի տասնյակ լինել ՝ սկսած ամենապրոզայիկից՝ վերջացրած դավադրությունների տեսություններով), այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ ենք անելու մենք։ «Մենք» ասելով՝ նկատի ունեմ ՀՀ-ին, քանի որ Արցախում ապրող 100 հազար քաղաքացիները անելու առանձանպես բան էլ չունեն, զրկված են ինչ-որ բան անելուց։ Ահա հենց այս հարցի պատասխանի բացակայությունն է, որ ոգեւորում է ադրբեջանցիներին, քանի որ իրենք էլ են ենթադրում, որ ՀՀ-ն ոչինչ չի անի՝ բացառութամբ ռուս խաղաղապահներին դիմելուց, թե՝ գնացեք եւ արցախցիներին փրկեք։ Երկրորդ․ ինչ վերաբերում է հարցին, թե ինչ կարող են անել կամ չանել ռուս խաղաղապահները, ապա նշենք, որ իրենք մանդատ չունեն, Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել ռուս խաղաղապահների մանդատի մասին փաստաթուղթը։ Եւ, բացի այդ, խաղաղապահներն իրենք էլ հստակ չեն պատկերացնում, թե ի՞նչ գործողություններ կարող են իրականացնել ստեղծված վիճակում, ի՞նչ իրավունք ունեն անել եւ ի՞նչ՝ չանել։ Փառուխում, այո, եղավ զինված հարձակում, եւ տարբեր վարկածներ շրջանառվեցին, թե՝ կար պայմանավորվածություն։
Իսկ օգոստոսի սկզբին տեղի ունեցածին արձագանքելով ՀՀ-ն նշում էր, թե ադրբեջանցիների պահանջը լեգիտիմ չէ (խոսքը Լաչինի միջանցքով երթեւեկության նոր երթուղու կառուցման մասին է-խմբ․), ինչի հետեւանքով Բաքուն ուժ կիրառեց, իսկ օգոստոսի վերջին արցախցիները ստիպված եղան դուրս գալ երեք բնակավայրերից (Բերձոր, Ներքին Սուս, Աղավնո-խմբ․)։ Այժմ ադրբեջանցիներն այլ մարտավարություն են ընտրել՝ բնապահպանական ՀԿ-ների միջոցով, արտաքին լսարանի, դիտարանի համար շատ ընկալելի եղանակով ինչ-որ քաղաքացիական ակցիա են իրականացնում՝ հանուն, ինչպես իրենք են ասում, բնապահպանական նպատակների։ Այս պարագայում, եթե ես լինեի ռուս զորախմբի հրամանատարի փոխարեն, չէի կողմնորոշվի, թե ինչ անել՝ ծեծե՞լ նրանց, կրակել՞ նրանց վրա, թե՞ բանակցել, հասկանալ՝ ինչ են ուզում։ Իրոք դժվար իրավիճակ է։ Բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը միայնակ չի գործում, նրան արտաքին որոշ ուժեր բավականաչափ ճիշտ խորհուրդներ են տալիս։ Ակնհայտ է, որ եթե փորձ արվեր զինվորական կետ տեղակայել՝ սահմանապահ կետ կամ մաքսակետ, դա շատ ավելի բարդ իրավիճակ կստեղծեր եւ կստիպեր ռուսներին ինչ- որ բան անել։ Սակայն հիմա մարդիկ ասում են՝ քաղաքացիական ակցիա է, խաղաղ, ժողովրդավարության բոլոր նորմերին համապատասխանող, հետեւապես ստիպված են խաղաղ բանակցել»։
Մեր դիտարկմանը՝ ռուս խաղաղապահ զորակազմը մի՞թե չունի կանոնադրություն, ըստ որի էլ պետք է գործի՝ Պողոսյանն արձագանքեց․ «Ամբողջ խնդիրն այն է, որ չկա ոչ մի կանոնադրություն։ Ցանկացած միջազգային խաղաղաղապահ առաքելություն ունենում է այսպես կոչված «միջոցառումների շարք» առ այն, թե կոնկրետ իրավիճակում խաղաղապահներն ի՞նչ կարող են անել եւ ի՞նչ չեն կարող անել։
Քանի որ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը, որի մեջ էլ մտնում է այդ «միջոցառումների շարքը» հաստատող եւ խաղաղապահների համար ուղեցույց հանդիսացող իրավական փաստաթուղթը, հետեւաբար, եթե լոկալ իրավիճակն ենք վեցնում, ամեն ինչ դրված է ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարի ուսերին։ Այսինքն, չկա որեւէ փաստաթուղթ, որով ինքը կարող էր առաջնորդվել եւ ասել՝ գիտե՞ք ինչ, համաձայն այս փաստաթղթի այսինչ կետի, ռուս խաղաղապահները այսպիսի իրավիճակում իրավունք ունեն, ենթադրենք, կրակել օդ։ Իսկ այն իրավիճակում, երբ ադրբեջանցիները հրաժարվում են բացել ճանապարհը, իրավունք ունեն կրակել ոչ թե օդ, այլ՝ ադրբեջանցիների ուղղությամբ։ Այժմ, փաստորեն, Վոլկովն ինքը պետք է որոշի՝ ինչ անել եւ դրա համար էլ կրել պատասխանատվություն»։
Ստացվում է՝ ռուս խաղաղապահ զորախումբը Արցախում առաքելություն է իրականացնում առանց կանոնադրության, Արցախում ռուսական զորախմբի տեղակայման միակ հիմքը նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է։
Նկատենք, որ ՀՀ-ն ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռեւս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել է ՌԴ բարձրագույն ղեկավարությանը։ Խաղաղապահների գործունեության արդյունավետության հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր նաեւ օգոստոսին տեղի ունեցած սադրանքից հետո։
Օգոստոսի 4-ին տեղի ունեցած ՀՀ կավավարության նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, թե ՌԴ խաղաղապահների ներկայությամբ շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, Լեռնային Ղարաբաղի հայությանը, խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը, պարզապես անընդունելի են, եւ խիստ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը։
Հեղինե Մանուկյան