Քաղաքացիների զգալի մասը խուսափում է պոլիկլինիկական ծառայությունից օգտվելուց
Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման համաձայն, քաղաքացիների զգալի մասը խուսափում է պոլիկլինիկական ծառայությունից օգտվելուց՝ պատճառաբանելով բժիշկների նկատմամբ անվստահությունը և բուժօգնության անարդյունավետությունը, և ավելի գերադասում են օգտվել բժշկական կենտրոններում արտահիվանդանոցային բուժօգնությունից օգտվելը, որը չի կարող անվճար տրամադրվել։
 
Այս թեմայով այսօր Մեդիա կենտրոնի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ 
Սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության գլխավոր մասնագետ Սյուզաննա Սարգսյանը նշեց, որ այս իրավիճակը պայմանավորված է նաև նրանով, որ քաղաքացիները իրազեկված չեն՝ պոլիկլիկաներում ինչպիսի ծառայություններ են մատուցվում և հիմնականում բողոքները դրան են վերաբերվում։
 
«Նշեմ, որ վերջերս նաև մի ահազանգ ունեցանք, որ պոլիկլինիկայում կատարված հետազոտության նկատմամբ հենց հիվանդնոցի բժիշկն ինքն է անվստահություն  հայտնել և ուղղորդել հենց հիվանդանոցում նորից նույն հետազոտությունը անել, որից հետո նոր որոշվել է՝ հոսպիտալացնել հիվանդին, թե՝ ոչ։ Իհարկե, դա բերել է գանգատի՝ այն պատճառով, որ հիվանդը վճարել է դրա համար», - նշեց նա։
 
Հանրային առողջության մասնագետը Դավիթ Մելիք-Նուբարյանը նշեց, որ խնդիրների հիմքը գալիս է դեռ Խորհրդային Միության ժամանակներից, երբ շեշտը դրված է եղել հիվանդանոցային ծառայությունների ծավալի անընդհատ շեշտակի ավելացմանը։ Եղել է ոչ ֆորմալ ձևի ուղղորդման հրահանգ՝ դեպի հիվանդանոց, որպեսզի մարդիկ գնան պառկեն, հոսպիտալացվեն։ Նրա խոսքով՝ հետագայում, երբ Հայաստանն անկախացել է, բավականին մեծ աշխատանք է կատարվել առաջին օղակը բարեփոխելու ուղղությամբ, մասնավորապես, ներդրվել է ընտանեկան բժշկության ինստիտուտը, որն առ այսօր հաջող աշխատում է գյուղական բնակավայրերում։ Սակայն քաղաքային համայնքներում այս բարեփոխումները մնացել են անավարտ՝ մի շարք պատճառներով։
 
 
«Պատճառները մի քանիսն են․ մարդկային կապիտալի շարունակական զարգացման ներդրումների բացակայությունը, նյութատեխնիկական վիճակի բարելավման անհրաժեշտությունը, այն ծառայությունները որոնք մատուցում է պոլիկլինիկան, դրանց շրջանակի ընդլայնումը, և կազմակերպչական համակարգը։ Ընդհանուր առմամբ սրանք են պատճառները, որոնք առաջացնում են հաճախ չհիմնավորված անվստհաությունը, քանի որ այստեղ ակնկալիքների խնդիր էլ կա։ Այն ֆունկցիաները որոնք դրված են առաջնային օղակի կատարման վրա, հավատացեք իրենք կարող են դա լավ անել, ուղղակի խնդիրներ կան մարդկանց մոտ, որը գալիս է նախկինից», - նշեց պարոն Մելիք-Նուբարյանը։
 
 
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի տեղեկալի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Չարխիֆալաքյանն, իր հերթին, նշեց, որ մեր քաղաքացիների մոտ այնպիսի պատկերացումներ կա, որ պոլիկլինիկ համակարգում պետք է ստանալ ամբողջական և լիարժեք բուժօգնություն, բայց՝ի սկզբանե, պոլիկլինիկ համակարգի դերը առանձնացված է՝ որպես առաջնային բուժօգնության օղակ։ Այսինքն, քաղաքացին դիմի պոլիկլինիկա՝ առաջացած խնդիրների կանխարգելման հարցով, իսկ, երբ ի հայտ կգան նեղ մասնագիտական և առավել խորը ուսումնասիրությունների կարիք ունեցող հիվանդություններ, նոր պետք է դիմի առավել մասնագիտացված բժշկական կենտրոններ։

«Ես չեմ ուզում համաձայնել այն մտքի հետ, որ քաղաքացիները խուսափում են պոլիկլինիկաներից։ Ըստ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող առաջնային բուժող օղակի տվյալների,  քաղաքացիների կողմից 40-ից 45 հազար այցեր են լինում՝ ամսեկան կտրվածքով», - նշեց տիկին Չարխիֆալաքյանը։
 
Նա նշեց այս ուղղությամբ կատարված աշխատանքները․վերջին 8 տարիների ընթացքում քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բուժ․ հիմնարկներում կատարվել են տարբեր շինարարական աշխատանքեր , լուծվել տեխնիկական հագեցվածության խնդիրներ, իրականացվել բժիշկերի բուժքույրերի վերապատրաստման գործընթացներ։
 
Հարցին, թե ի՞նչ նեղ մասնագետների կարիք կան պոլիկլինիկաներում այս պահին, տիկին Չարխիֆալաքյանը նշեց, որ հատկապես փոքր պոլիկլինիկաներում, որտեղ աշխատավարձերը բժիշկների ցածր են, բնակչության թիվը հաշվի առնելով, առաջանում են նեղ մասնագետների խնդիրներ։ Նա նշեց թերապևտների, մանկաբուժների, ուռուցքաբանների պակասի մասին։ Սակայն, մշակվել է  լուծման մի տրաբերակ, ըստ որի, եթե տվյալ պոլիկլինիկայում տվյալ հաստիքը զբաղեցնող բժիշկ չկա, ապա այդ ծառայությունը մեկ այլ պոլիկլինիկայի հետ պայմանագրային հիմունքով է իրականացվում և   հիվանդը ուղեգրվում է այլ պոլիկլինիկ համակարգ։