44-օրյա պատերազմի ժամանակ գեթ մեկ ադրբեջանցի բնապահպան չի բարձրաձայնել սպիտակ ֆոսֆորի խնդիրը. Ադրբեջանի կողմից սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքների կիրառման հետևանքով Արցախում այրվել է մոտ 1815 հա անտառ. Օլեգ Դուրգարյան
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 2-ը, Ադրբեջանի կողմից սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքների կիրառման հետևանքով այրվել է մոտավորապես 1815 հա անտառ։ Սակայն հատկանշականն այն է, որ այն եղել է բնակավայրերին շատ մոտ, և, բացի անտառներից, մարդկանց է վնաս հասցվել, որովհետև մարդիկ պատերազմելու փոխարեն ստիպված են եղել մտածել՝ ինչպես պայքարել ֆոսֆորի վնասների դեմ։ «Ադրբեջանի բնապահպանական հանցագործությունները» թեմայով ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուրգարյանը։

 Սակայն այդ վնասների մասշտաբը, բնապահպանի խոսքով, դեռ վերջնական չէ, քանի որ մինչ օրս ոչ ոք չի հաշվառել, թե կենդանական աշխարհին ինչ վնաս է հասցվել։ 

Բնապահպանը, նկատի ունենալով Լաչինի միջանցքը փակած և արցախահայությանը 4 օր շրջափակման մեջ պահող և հումանիտար աղետ առաջացրած ադրբեջանցի «բնապահպանների» ակցիաները, ընդգծեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ գեթ մեկ ադրբեջանցի բնապահպան չի եղել, որ այդ խնդիրը բարձրաձայներ՝ այն դեպքում, երբ դա աղետալի հետևանք կարող էր ունենալ ոչ միայն Արցախի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ 

Նրա գնահատմամբ՝ արցախյան պատերազմի ժամանակ միջազգային հանրությունը   պատշաճ, բավարար արձագանք չի տվել 1868 թվականի Ժնևյան և դրանից հետո ստորագրված այլ կոնվենցիաներով խստորեն արգելված սպիտակ ֆոսֆորի կիրառմանը։