«Ադրբեջանի բնապահպանական հանցագործությունները» թեմայով ասուլիսի ժամանակ բնապահպան Նազելի Վարդանյանը կարծիք հայտնեց, որ 2020-ի 44-օրյա և այս տարվա սեպտեմբերի պատերազմներում Ադրբեջանի նպատակներից մեկը եղել է ջրային, հանքային ռեսուրսները իր վերահսկողության տակ անցկացնելը, որովհետև ցանկացած երկիր կորցնում է իր կենսունակությունը առանց այդ ռեսուրսների։ «Մենք տեսանք, թե ինչպես Ստեփանակերտը ջրազրկվեց 2020-ի պատերազմից հետո»,- հավելում է նա։
Ըստ բնապահպանի՝ դրանով է պայմանավորված, որ 2020-ին Ադրբեջանը նպատակադրված զավթել է այն տարածքները, որտեղ գտնվում են ջրի աղբյուրները, ջրհավաք ավազանները, հանքավայրերը, արգելավայրը, անտառային տարածքները՝ հաշվի առնելով իր համար բազմակողմանի՝ տնտեսական և քաղաքական հսկայական շահը։ Իսկ Ադրբեջանի վերջին պատերազմից հետո բարձր ռիսկային գոտում են գտնվում Վարդենիսի, Ջերմուկի ջրային ավազանները, հանքերը։
Սեպտեմբերի 26-ին, երբ դեռ Զանգելանի շրջանը մեր հսկողության տակ էր, և հայտնի չէր՝ պատերազմն ինչպես կավարտվի, Ադրբեջանի շրջակա միջավայի նախարարությունը մրցույթ է հայտարարել և պայմանագիր կնքել մրցույթում հաղթող ճանաչված անգլո-ասիական կորպորացիայի հետ և Զանգելանի ոսկու հանքը տվել է նրան։ Այս տարվա հուլիսին էլ այդ նույն կազմակերության հետ պայմանագիր է կնքել Արցախի մի քանի հանքերի, այդ թվում՝ Կաշենի հանքի շահագործման համար, որոնց դիմաց Ադրբեջանը ստացել է 3 միլիարդ դոլար։ Եվ այս չակերտավոր բնապահպանները փորձում են ճանապարհ բացել դեպի Կաշեն, որպեսզի առանց պատերազմի այդ տարածքները զավթեն ու ծառայեցնեն իրենց տնտեսական-քաղաքական շահերին։ Պատահական չէ, որ միջազգային կորպորացիաներ են ներգրավում, որպեսզի սատարեն իրենց, ավելի ամուր պահեն իրենց դիրքերը»,- ներկայացնում է Վարդանյանը։
Նա տարակուսանքով նշեց նաև, որ Ադրբեջանը ամբողջ Շիկահողի արգելոցը, որը միակ բուսական արգելոցն է Հայաստանում և միջազգային կենսոլորտների պահպանման միջազգային դասին է պատկանում, և որի համար բնապահպաններն ու ՀԿ-ն պայքարել են, որ չանցնի Իրան-Հայաստան մայրուղով, զավթելուց հետո այդտեղ Ադրբեջանը, հատումներ անելով, բազմաթիվ ճանապարհներ է կառուցում, սակայն միջազգային հանրությունը լռում է այն դեպքում, երբ միլիոնավոր գումարներ են ծախսվել, որ կենսոլորտային համալիր ստեղծվի, բայց հիմա անտառահատումներ են տեղի ունենում, նոր ճանապարհներ կառուցվում: «Էլ չեմ ասում, որ 6 գյուղին Գորիսի հետ կապվելու համար թողել են մեկ ճանապարհ, ու եթե հանկարծ դա փակվի, կստեղծվի նույն աղետը, ինչ որ հիմա Լաչինում է»,- նշեց Վարդանյանը։