Ավելի քան 3 օր շրջափակման մեջ հայտնված Ստեփանակերտում առաջանում է պարենի, վառելիքի, դեղորայքի դեֆիցիտ․ Լաչինի փակված անցակետից այս և այն կողմում հայտնված արցախցիները մտադիր չեն հանձնվել
Արդեն 3 օր է՝ Արցախը հայտնվել է բլոկադայում։ Ադրբեջանցի պսևդոէկոակտիվիստները  դեկտեմբերի 12-ի առավոտյան հավաքվել էին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհ հանդիսացող Լաչինի միջանցքում և ցանկանում էին գնալ Արցախում գտնվող հանքեր՝ մոնիթորինգ իրականացնելու համար։ Ռուս խաղաղապահները կասեցրել են ադրբեջանցիների մուտքը դեպի Արցախ, այդպիսով փակվել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Կիլոմետրեր ձգվող հերթ էր գոյացել Հայաստանից Արցախ և հակառակ ճանապարհին։

Բազմաթիվ ընտանիքներ հայտնվել են փակված անցակետի երկու կողմերում։ Շուրջ 1100 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, մնացել են Հայաստանում և չեն կարող գնալ իրենց տուն՝ իրենց ընտանիքի անդամների, ծնողների մոտ։ Հայաստանում գտնվող արցախցիներին Սյունիքի մարզպետարանը տեղավորել է Գորիսի հյուրանոցներում, մի մասն էլ Երևանում են ապաստան գտել։ 

Վիճակը բարդ է հատկապես Արցախում։ Բացի ուղևորափոխադրումներից, նաև բեռների տեղաշարժն է դադարեցվել, ինչի հետևանքով անհնար է դարձել Արցախ հումանիտար բեռների՝ սննդամթերքի, դեղորայքի, բենզինի մատակարարումը։ Սրան գումարվել է նաև գազամատակարարման դադարեցումը։ Ադրբեջանը Լաչինի հատվածում փակել է նաև Հայաստանից Արցախ մատակարարվող գազամուղը։

Արցախում արդեն զգացվում է որոշ ապրանքների դեֆիցիտ, չնայած առաջին անհրաժեշտության ապրանքները դեռ բավարարում են։

Գազով աշխատող հացի արտադրամասերը դադարեցրել են աշխատանքները։ Էլեկտրաէներգիայով աշխատողները հակառակը՝ ավելացրել են արտադրության ծավալները։

Հումքը՝ ալյուրը, դեռ բավականացնում է։ Արցախի հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ամենօրյա ստուգումներ է իրականացնում։ 

Դիզվառելիքի և բենզինի մատակարարումը, իրավիճակով պայմանավորված, իրականացվում է կենտրոնացված և կարգավորվում է օպերատիվ շտաբի կողմից՝ ըստ առաջնահերթությունների։ 

Թե որքան կտևի այս վիճակը՝ հայտնի չէ, ուստի վառելիքի պահուստը օգտագործվում է խիստ նպատակային։ Նույնը վերաբերում է նաև հեղուկ գազին, որի համար լցակայաններում հերթեր են առաջացել։

Հերթում սպասող Քարինտակցի Թովմասյանների ընտանիքի մայրը ասում է՝ շատ դժվարություններ են տեսել, սրան էլ կդիմանան։

Արցախում փակվել են նաև ուսումնական հաստատությունները՝ ջեռուցում չլինելու պատճառով, հետևաբար կրճատվել է նաև ուղևորահոսքը։ Վառելիքի խնայողությամբ և ուղևորահոսքի կրճատմամբ պայմանավորված՝ ուղևորափոխադրումներ իրականացնող «Ստեփանակերտ» սերվիսում ևս անցել են արտակարգ ռեժիմի։ 24 մեքենայի փոխարեն 12 մեքենա է դուրս գալիս երթուղի։  


Չնայած ստեղծված ծանր պայմաններին՝ Արցախում խուճապ չկա։ Ասում են՝ ամիսներով էլ առանց գազի ու ջեռուցման կմնան, բայց Արցախը չեն լքի։  

Ստեղծված իրավիճակը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահելու համար տարատեսակ ակցիաներ և ցույցեր են իրականացվում Արցախում և Հայաստանում։ Տարբեր երկրներ Ադրբեջանից պահանջում են բացել Լաչինի միջանցքն ու վերականգնել գազամատակարարումը։ Իրավիճակը, սակայն, մնում է նույնը։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան