Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը այսօր, «Մեդիա կենտրոն»-ի կազմակերպած «Հումանիտար աղետ. ի՞նչ գործիքներ ունեն Հայաստանն ու Արցախը կանխելու ճգնաժամը» քննարկման ժամանակ հայտնեց, որ գրասենյակի արտահերթ զեկույցում ներկայացրել են անհերքելի փաստեր, որոնք ցույց են տալիս Լաչինի միջանցքը փակած այսպես կոչված «բնապահպանական» ակցիայի շինծու, կեղծ լինելը, ինչպես նաև փաստեր, որոնք ապացուցում են՝ նման ակցիանեը կազմակերպված են Ադրբեջանի իշխանությունների ուղղակի ներգրավմամբ․ «Ակցիայի ակտիվ մասնակիցների, նրանց կազմակերպությունների պրոֆիլները հատուկ ուսումնասիրության ենք ենթարկել, հատուկ ծառայությունների հետ համագործակցությամբ վերլուծել ենք այդ կազմակերպությունների տվյալները և կարողացել ենք հավաստի աղբյուրներով ցույց տալ, որ այդ ակտիվիստները, կազմակերպությունները, ՀԿ-ները բացառապես ֆինանսավորվում են ուղիղ Ադրբեջանի կառավարության կամ նրան հարող ֆոնդերի կողմից»։
Նա նաև նկատեց՝ հանրությանը երբեմն թվում է՝ սրանք ակնհայտ փաստեր են, որ պետք է հեշտորեն ընդունել, սակայն միջազգային հանրության համար անհրաժեշտ են հանգամանալից, ապացուցողական տվյալներ։
Այնուհետև պաշտպանը նշեց, որ կենտրոնացել են հումանիտար ազդեցությանը մարդկանց ազատ տեղաշարժի, կրթության իրավունքի, բուժօգնություն ստանալու իրավունքների խաթարան մասին վկայող փաստերի ներկայացման վրա։
Գրիգորյանը կարևորեց զեկույցի օպերատիվությունը, որի շնորհիվ արդեն իսկ գրանցվել է էֆֆեկտիվ արդյունք միջազգային հանրության, կազմակերպության և դեռ, բացի այդ՝ զգալի ներդրում է ունեցել քաղաքական ճնշման ավելացման առումով, «Եթե հաշվի առնենք այն շրջափակումը, որում գտնվում է Արցախը, 120․000 մարդ տանջվում և տառապում են, ովքեր երկու կողմից թակարդի մեջ են հայտնվել, չեն կարողանում վերադառնալ տուն և գազանջատման պայմաններում պարենային, առողջապահական և այլ հումանիտար ճգնաժամը, փաստերի արագ ներկայացնելը միջագային կազմակերպություններին շատ կարևոր հանգամանք է և տվել է Էֆֆեկտ»։