ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը այսօր, «Մեդիա կենտրոն»-ի կազմակերպած «Հումանիտար աղետ. ի՞նչ գործիքներ ունեն Հայաստանն ու Արցախը կանխելու ճգնաժամը» քննարկման ժամանակ հայտնում է, որ դեկտեմբերի 14-ին Եվրոպական դատարան՝ ՄԻԵԴ-ին ներկայացված Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար միջանկյալ միջոց կիրառելու պահանջին կցվել են Հայաստանում անհապաղ բուժօգնության կարիք ունեցող անձանց տվյալները, իսկ երեկ երեկոյան դիմումը լրացվել է, որովհետև անհապաղ բուժօգնության կարիք ունեցող անձանց թիվը ևս ավելացել էր։
Դրմեյանն ընդգծեց, որ այս գործընթացը տեղի է ունեցել Արցախի գործընկերների, Արցախի ՄԻՊ-ի հետ սերտ համագործակցության արդյունքում։
Այնուհետև գրասենյակի ղեկավարը անդրադարձավ Արդարադատության միջազգային դատարան՝ Հաագա ներկայացված դիմումին և ստացած պատասխանին՝ նշելով․ «Հաագա դիմել ենք նամակով, խնդրելով՝ Ադրբեջանին փոխանցել մեր այն դիրքորոշումը, որ 48 ժամվա ընթացքում պետք է ապաշրջափակվի Բերձորի միջանցքը, որպեսզի վերականգնվի մարդկանց ազատ շարժի իրավունքը, եթե դա չապահովվի, մենք ներկայացնելու ենք նոր նախականխիչ միջոցի կիրառման պահանջով դիմում։ Առաջինը ներկայացրել էինք 2021-ին ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվեցիայի շրջանակում, որը երեք կոմպոնենտ է պարունակում՝ ատելության խոսքի վերացում, հետաքննության իրականացում,պատմամշակությանի հուշարձանների պահպանություն, ռազմագերիների իրավուքնի պաշտպանություն։
Դրմեյանի խոսքով՝ նամակը ուղարկելուց բառացիորեն րոպեներ անց Հաագայից ստացել ենք պատասխան, որ Հայաստանի նամակը փոխանցվել է Ադրբեջանին։
Հարցին, թե որ կառույցը և ի՞նչ մեխանիզմով կարող է ստիպել Բաքվին կատարել իր պարտավորությունները և Հաագայի դատարանի որոշումը ինչ ազդեցություն ունեցավ, եթե Բաքուն Հաագայի դատարանի արձագանքից 2 օր անց միացրեց գազը, Դրմեյանը պատասխանեց․ «Այո\', դատական ակտերը պարտադիր կատարման են, առանց որևէ նախապայմանի, սակայն ի դեմս Ադրբեջանի՝ գործ ունենք սուվերեն պետության հետ, որը կարող է գնալ ռիսկի և չկատարել միջազգային դատական ատյանի պարտադիր ուժ ունեցող պահանջը՝ կրելով դրա հետևանքները։ Այսինքն՝ գալիս է մի կետ, որ դրանից այն կողմ պետության հայեցողությանն է թողնվում։ Այդ պարագայում, սակայն, ըստ Դրմեյանի, Ադրբեջանի նկատմամբ կարող է լինել քաղաքական ճնշումներ, ֆինանսական սահմանափակումներ, ընդհուպ անդամակցության դադարեցում․ «Ես չեմ կարծում՝ Ադրբեջանը կգնա այդպիսի արկածախնդրության՝ իզոլացնելով իրեն միջագային կառույցներից և միջազգային համայնքից։ Ուզած-չուզած Ադրբեջանի ինչ-որ պահի պիտի պատասխանի, թե ինչու չի կատարում այդ ակտը և կրի հետևանքները» ,-ընդգծեց նա։