Լսել ենք այդ պայթյունների ձայները, մի քիչ վախեցել ենք, բայց չենք լքել գյուղը. սահմանապահ գյուղերի աշակերտներն այցելել էին ԱԺ. տեսանյութ
Օրեր առաջ Ֆեյսբուքում գյուղական աջակցության տարբեր նախաձեռնություններով հայտնի «Կանաչ արահետ» ՀԿ մարկետինգի խորհրդատու Ստելլա Սարուխանյանը նախաձեռնեց դրամահավաք, որպեսզի սահմանապահ գյուղերի երեխաները գան և տեսնեն ամանորյա շքեղ զարդարանք հագած Երևանը, Հանրապետության գլխավոր տոնածառը, ինչպես նաև շրջեն երեխաներին հետաքրքրող վայրերով։ Նախաձեռնությունն իրականություն դարձավ բացառապես ֆեյսբուքահայության դրամահավաքի միջոցով։ 

Մեզ հետ զրույցում Ստելլա Սարուխանյանն ասաց, որ առաջինը Երևան եկան Լճավանի դպրոցի 35 երեխաները, և այդ այցը վարակիչ դարձավ նաև մյուսների համար։ Եվ այսօր այդ նախաձեռնության շրջանակներում Երևան են եկել Սյունիքի մարզի սահմանապահ Տանձատափ և Բարձրավան գյուղերի աշակերտները։ Նրանք նախ այցելեցին ՀՀ ԱԺ, որտեղ նրանց դիմավորեցին սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանն ու Լուսինե Բադալյանը։

Հանդիպման ժամանակ երեխաներն ու նրանց ուղեկցող ուսուցիչները պատգամավորների հետ քննարկեցին իրենց համայնքների խնդիրները, ինչպես նաև նշեցին, թե ինչ կուզենան, որ իրենց գյուղն ունենա։

Ստելլա Սարուխանյանի խոսքով՝ սահմանապահ գյուղերի երեխաներին մայրաքաղաք բերելու ամբողջ ծախսերը հոգալու առաջարկություն է արել նաև մի կազմակիերպություն, և առաջիկայում նախատեսում են Երևան բերել Խոզնավար համայնքի երեխաներին։ 

Նշենք, որ սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով այս երկու գյուղերում ևս լսվել են պայթյունների ձայները, ու թեև սկզբում բնակիչները վախեցել են, բայց գյուղը չեն լքել։ 

Տանձատափի դպրոցի տնօրեն Անի Նահաապետյանն էլ մեզ հետ զրույցում ասաց՝ քանի որ իրենց գյուղը շատ կտրված է և մարզկենտրոնից, և մյուս քաղաքներից, ապա այդ գյուղի երեխաների Երևան գալը այսօր երազանք էր թվում։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան