Քաղաքացիներին ու հատկապես երեխաներին ամանորյա ուրախություն պարգևած Երևանի զարդարանքից պարբերաբար բողոքող, Հանրապետության հրապարակի տոնածառը վառելու կոչեր անող ընդդիմադիրների տներում, պարզվում է, բուռն նախատոնական տրամադրություններ են ու ճոխ զարդարանք։ Եվ սա, չնայած նրան, որ Արցախը 8 օր շրջափակված է, ու նրանք օրումեջ լալահառաչ հարցազրույցներ են տալիս։ Անգամ մինչ Լաչինի միջանցքի փակումը ԱԺ ամբիոնից «Հայաստան» խմբակցության անդամ, սոցապ նախկին նախարար Աղվան Վարդանյանը իշխանությանն առաջարկում էր «անջատվել եվրատեսիլյան լույսերից ու տոնածառից», նույն խմբակցության մեկ այլ անդամ էլ՝ Անդրանիկ Թևանյանը, զգուշացնում էր. «Ադրբեջանը զենք է գնում և պատրաստվում մեր դեմ հարձակման, իսկ ՀՀ իշխանությունը հսկայական գումարներ է ծախսում՝ հպարտ քաղաքացիների զգոնությունը բթացնելու, տոնածառ զարդարելու, ժողովրդին կառնավալային իրականության մեջ մտցնելու համար»։ Գլխավոր տոնածառի լույսերը վառելու առթիվ նույն խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթն առավել ողբերգական էր․ «Երկնքում էլ էր ցնծություն. ականների պայթյուն ու ֆոսֆորային զենքի թափվող անձրև հիշեցնող հրավառությունն իջնում էր Երևանի վրա, լուսավորելով Եռաբլուրը»:
Տեսանյութում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կինը «համարյա վերջացնում է» տոնածառի ճոխ զարդարանքը, ինչի մասին ազդարարել է Ֆեյսբուքում։ Ասել է թե՝ միայն իրենց երեխաները կարող են շքեղ զարդարանքով տոնածառերով հիանալ։
Նշենք նաև, որ ընդդիմադիր համայնքապետերը, օրինակ՝ Մասիսի, Ապարանի, Վարդենիսի քաղաքապետերը, որոշել են երեխաներին ու քաղաքացիներին զրկել ամանորյա տրամադրությունից և չզարդարել քաղաքները, իսկ նրանց տներում, փաստորեն, շքեղ զարդարանքներ են։ Սա այն դեպքում, երբ նաև Ստեփանակերտում են տոնածառը զարդարում։
Ի դեպ, նրանք քաղաքական այն ուժի ներկայացուցիչ են, որը Ապրիլյան պատերազմի տարելիցին՝ 2017-ի ապրիլի 2-ին, ճոխ հրավառությամբ նշեց խորհրդարանական ընտրություններում հաղթանակը։ Իսկ այժմ նույն մարդիկ խլում են երեխաների ուրախությունը՝ պատճառաբանելով, թե զոհված հերոսների պատճառով չեն զարդարում քաղաքները։
Կարծում ենք՝ ոչ ոք իրավունք չունի մանուկներին զրկելու ամանորյա տրամադրությունից։ Հերոսները իրենց կյանքը նաև զոհել են, որ մանուկները արժանապատիվ կյանք ունենան։