Շրջափակում, օր 8-րդ. Արցախում զգացվում է դեղորայքի՝ հատկապես հակաբիոտիկների դեֆիցիտ. առաջին անհրաժեշտության բանջարեղենը ևս դատարկվում է վաճառասեղաններից
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
8-րդ օրն է, ինչ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ միջանցքը։ Մինչ ռուս խաղաղապահները իրենց պատասխանատվության գոտում գտնվող միջանցքը բացելու համար բանակցություններ են վարում Ադրբեջանի հետ, իսկ մյուս երկրները հանդես են գալիս Ադրբեջանին ուղղված կոչերով և հորդորներով, Արցախում գնալով ավելի է սրվում հումանիտար իրավիճակը։ Դեղատներում վերջանում են դեղերը, հատկապես՝ ջերմիջեցնողները։ Աշխատակիցները դրանք քիչ քանակությամբ են բաց թողնում կամ՝ փոխարինողներ են առաջարկում։
Զգացվում է նաև մանկական կերի և տակդիրների պակաս։ Բնակիչները իրենց ապահովագրելու համար շրջափակման առաջին օրերին անհրաժեշտից ավելի շատ քանակով են գնել, նոր խմբաքանակ էլ, բնականաբար, չեն ստացել։
«Արևիկ» մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի բժշկուհի Հասմիկ Վերդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ամենաշատը զգացվում է հակաբիոտիկների կարիք։ Մնացած դեղերը դեռ բավարարում են, իսկ հակաբիոտիկների դեֆիցիտը արդեն լուրջ է։
Բացի դեղամիջոցներից, նաև պարենի դեֆիցիտ է սկսել նկատվել։ Եթե սկզբնական շրջանում խանութներում կային առաջին անհրաժեշտության ապրանքներ, ապա այժմ գնալով խանութների վաճառասեղանները դատարկվում են, պահեստները՝ նույնպես։ Միրգ-բանջարեղենի որոշ խանութներ արդեն փակվել են, մյուսները այդ ճանապարհին են։ Միրգ դեռ կա։ Կարտոֆիլը, կաղամբը, սոխը, գազարը և ավելի առաջնային բանջարեղենը, սակայն, սպառվել է կամ սպառվում է։
Չնայած վաճառողները պնդում են, որ գները չեն բարձրացել, գնորդները հակառակի մասին են բարձրաձայնում։
Պատկան մարմինները խոստանում են չհիմնավորված գնաճ թույլ չտալ: Թանկ թե էժան՝ ցուցափեղկերում պակասում է տեսականին: Ե՞րբ կբացվի ճանապարհը՝ անհայտ է։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան