Հայաստանում այս տարվա 9 ամիսների տվյալներով 4,2 տրիլիոն դրամի խաղադրույքներ են կատարվել։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարարությունը։ Ըստ նախարարության՝ վերջին 5 տարիների ընթացքում բուքմեյքերական ընկերությունների կողմից ընդունված խաղադրույքների ծավալը 138,5 մլրդ դրամից հասել է 3,9 տրլն դրամի: Նշենք, որ խաղամոլության հետևանքով բազմաթիվ ընտանիքներում խեղվել են ճակատագրեր, առաջացել են ամենատարբեր խնդիրներ, որոշ դեպքերում բանը հասել է ինքնասպանության։
Այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Ըստ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող լրացումների՝ սահմանվում է, որ հեռարձակողի սահմանած անվանումը չի կարող համընկնել, նույնական կամ շփոթելու աստիճան նման լինել այն անձի ապրանքային նշանին կամ ֆիրմային անվանմանը, դրա գովազդներում օգտագործված կամ օգտագործվող գրաֆիկական կամ ձայնային նշաններին, որը վերջին հինգ տարում զբաղվել է շահումով խաղի կամ վիճակախաղի կազմակերպման գործունեությամբ:
Մեզ հետ զրույցում նախագծի հիմնական զեկուցող՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն ասաց, որ այս օրենքի ընդունումով վեց ամիս հետո հայկական հեռուստաեթերում և ռադիոեթերում չենք ունենա այնպիսի անվանումով հեռուստաընկերություն կամ ռադիոընկերություն, որի անվանումով վերջին տասը տարվա ընթացքում եղել է այնպիսի բրենդ, որն ուղիղ ասոցացվում է շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, տոտալիզատորի, վիճակախաղի հետ, և նաև բնականար ապագայում էլ չենք ունենա։
«Մենք նաև շատ ուղիղ պետք է խոսենք և ասենք, որ մեր սպասումները չպետք է չափից ավելի մեծ լինեն։ Եթե մենք այսօր խոսում ենք, որ տարիներ են եղել, երբ 50-60-70-80 տոկոսով աճ է տեղի ունեցել նախորդ տարիների հետ համեմատած, եթե մենք գանք կայունացման կամ անգամ այդ աճի ֆանտաստիկ բարձր տեմպերը փոքրացնենք՝ դարձնենք 5-3 տոկոս, ապա դա ևս հաջողություն է։ Այսինքն՝ մենք պետք է հասկանանք և ընդունենք, որ 1-2-3 օրենքով չենք կարող չափից ավելի մեծ սպասումներ ձևավորել, և չպետք է ձևավորվեն։ Սա քայլերից հերթականն է այս ուղղությամբ»,- ասաց պատգամավորը։
Քննարկման ժամանակ Գևորգ Պապոյանն ասաց, որ իրենց խնդիրը որևէ շահումով խաղի դեմ չի, որևէ տոտալիզատորի դեմ չի, այլ խաղամոլության դեմ է։
Նշենք, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվա տասներորդ օրը, և մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը հեղինակազորված հեռարձակողի տեսալսողական ծրագրի անվանումը պետք է համապատասխանեցվի սույն օրենքով սահմանված պահանջներին՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:
Գևորգ Պապոյանը, խոսելով նաև իր մեկ այլ առաջարկած օրինագծի մասին, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել և վերաբերում է կանխիկ խաղադրույքների արգելքին, հարցին՝ ունե՞ն արդյոք վիճակագրություն, թե քանի տոկոս են կազմում խաղադրույքներ կատարողները ըստ ՀՀ համայնքների, ասաց. «Այլևս հնարավոր չէ կանխիկով խաղադրույքներ անել, կապ չունի՝ ուղիղ կանխիկով տոտալիզատորի մոտ, թե ուղիղ կանխիկով ապարատների միջոցով, վճարային տերմինալների միջոցով, դա անկանխիկ է, իսկ անկանխիկը հնարավոր է հաշվառել և հասկանալ, և այդ հարցի պատասխանը մենք կարող ենք ինչ-որ ժամանակ հետո տեսնել, երբ որոշակի պատկեր ստանանք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան