Lragir.am-ի զրուցակիցն է Առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ, հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի (“ARM Emergency Medical Team”) ղեկավար Արմեն Մելքոնյանը
-Պարոն Մելքոնյան, Առողջապահության համաշխարհային կազմակերպության պրոտոկոլով Հայաստանն ստեղծում է արագ արձագանքման բժշկական թիմ (ԱԱԲԹ), կմանրամասնե՞ք` ինչ է ենթադրում այդ աշխատանքը։
Գաղտնիք չէ, որ Հայաստանն արտակարգ իրավիճակների նկատմամբ հակվածություն ունեցող երկիր է։ Բնական աղետները, վարակիչ հիվանդությունների սրումը, զինված հակամարտություններն իրենց հերթին հսկայական լրացուցիչ բեռ ստեղծեցին արդեն իսկ գերծանրաբեռնված առողջապահական համակարգի վրա: Գիտակցելով երկրում արտակարգ իրավիճակներին պատշաճ արձագանքելու կարևորությունն ու դերը՝ Առողջապահության նախարարությունը ձեռնարկեց արագ արձագանքման բժշկական թիմ ստեղծելու նախաձեռնություն, որը կնպաստի առաջնահերթ Հայաստանում, տարածաշրջանում և, ըստ անհրաժեշտության, միջազգային հարթակում մարդասիրական առաքելությունների ժամանակ աղետների և արտակարգ իրավիճակների ռիսկերի հնարավոր կրճատմանը: Հաշվի առնելով նախաձեռնության խիստ կարևորությունը` վերջինս ներառվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ․ ծրագրում:
Արագ արձագանքման բժշկական թիմերի ստեղծման գաղափարը ձևավորվել է 2010 թ. Հաիթիի երկրաշարժից հետո՝ ԱՀԿ տիրույթում` նպատակ ունենալով արտակարգ իրավիճակներում ապահովել որակավորված բժշկական անձնակազմի արագ տեղակայում: ԱԱԲԹ-ները, որոնք բաղկացած են առողջապահության ոլորտի մասնագետներից, ներառյալ` բժիշկներ, բուժքույրեր, հարբժշկական կրթություն ունեցող մասնագետներ և աջակցող անձնակազմ, ներկայացնում են կառավարություններ, հասարակական կազմակերպություններ, զինվորական կառույցներ և միջազգային կազմակերպություններ: Նրանք համապատասխանում են ԱՀԿ-ի և նրա գործընկերների կողմից սահմանված դասակարգմանն ու նվազագույն չափորոշիչներին, ինքնաբավ են և նախապես ուսուցում անցած, որպեսզի հնարավոր լինի խուսափել հաճախ ծանրաբեռնված ազգային առողջապահական համակարգի հետագա ծանրաբեռնումից:
Գոյություն ունի միջազգային մասշտաբի արագ արձագանքման բժշկական թիմերի 3 դասակարգում. 1-ին տեսակը՝ ամբուլատոր բուժօգնություն տրամադրող, 2-րդը` վիրաբուժական ծառայություն մատուցող և 3-րդը՝ մասնագիտացված հիվանդանոցային բուժօգնություն ապահովող թիմերն են: Վերջինս ամենածավալունն է, որից ամբողջ աշխարհում ունի ընդամենը մի քանի երկիր, այդ թվում՝ Չինաստանը, Իսրայելը և այլն: Տարբեր հանդիպումներ ունենալով մեր գործընկերների հետ՝ նպատակահարմար համարեցինք ձևավորել մի թիմ, որն առաջնահերթ կբխեր մեր երկրի շահերից` կենտրոնանալով ամբուլատոր բուժծառայություն մատուցող ֆիքսված թիմի տարբերակի վրա (EMT Type 1 Fixed Facility)։ Թիմն արդեն պաշտոնապես գրանցվել է ԱՀԿ կայքում: Նպատակ ունենալով ձեռք բերել համաշխարհային դասակարգում ունեցող թիմի կարգավիճակ՝ բուժօգնության բարձր որակի ստանդարտներով, թիմը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ստանալու է միջազգային որակավորում, որից հետո միայն կկարողանա ծավալել գործունեություն միջազգային հարթակում: Նախքան որակավորումը, ձևավորվող հայաստանյան թիմին համապատասխան ուղղորդում ցուցաբերելու նպատակով ԱՀԿ-ն նշանակել է 3 մենթորներ ԱՄՆ-ից, Շվեդիայից և Գերմանիայից: Ուրախությամբ կարող ենք փաստել, որ ներկայում բավական արդյունավետ ընթանում են թիմի ձևավորման աշխատանքները։ Որակավորման աշխատանքներին պատշաճ պատրաստվելու համար թիմը մասնակցում է թե՛ տեղական, թե՛ միջազգային բնույթի տարատեսակ ուսումնական ծրագրերի, առաջիկայում նախատեսվում են կազմակերպել սիմուլյացիոն տարբեր պարապմունքներ, շտաբային և դաշտային ուսումնավարժանքներ` զարգացնելով թիմի անդամների փորձն ու հմտությունը: Միջազգային որակավորում ստացած թիմերը ԱՀԿ-ի կողմից համապատասխան կոչ-ազդարարման ժամանակ հայտնում են մեկնման վերաբերյալ իրենց պատրաստականությունը և հաստատման դեպքում մեկնում միջազգային մարդասիրական առաքելության։
Միջազգային առաքելության մեկնելիս կան համապատասխան չափորոշիչներ, որոնք ստանդարտացված են, և թիմերը պետք է գործեն հիշյալ պահանջներին համապատասխան: Այդ չափորոշիչները, որոնք մանրամասն նկարագրված են ԱՀԿ-ի կողմից մշակված «Կապույտ գրքում» (“Blue Book”), պարտադիր են բոլոր երեք տեսակի թիմերի համար. օրինակ՝ համաձայն առաջին տեսակի ֆիքսված թիմի գործունեության մինիմալ պայմաններից մեկի` միջազգային առաքելության մեկնած թիմը համապատասխան երկրում պետք է գործի 14 օր՝ ամբուլատոր բուժօգնություն մատուցելով օրական կտրվածքով առավելագույնը 100 տուժածի։
-Պատերազմներին վերաբերո՞ւմ է այս թիմերի աշխատանքը՝ հաշվի առնելով նաև այն, որ Հայաստանը նույնպես փաստացի պատերազմի մեջ գտնվող երկիր է։Բացի «Կապույտ գրքից», ԱՀԿ-ն մշակել է նաև «Կարմիր գիրք» (“Red Book”), որը, որպես գործնական ուղեցույց, խորհուրդներ և առաջարկություններ է տրամադրում զինված հակամարտություններ և այլ անապահով միջավայրներ մեկնելու պատրաստվող արագ արձագանքման բժշկական թիմերին։ Քանի որ այս գիրքը` որպես գործնական ուղեցույց-փաստաթուղթ, հրատարակվել է ընդամենը վերջերս, պատերազմական իրավիճակների մասով վերջինիս կիրառելիությունն այնքան էլ գործարկված չէ։ Ներկայում ԱՀԿ մեր գործընկերների հետ այս ուղղությամբ աշխատանքներ ենք տանում, որպեսզի առավելագույնս փորձենք ապահովել կարմիր գրքի պահանջների կիրարկումը։
Նոր կորոնավիրուսային համավարակի (COVID-19) բուռն շրջանում մենք բավական մեծ թվով միջազգային առաքելություններ ունեցանք Հայաստանում: Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Լիտվայից, Ֆրանսիայից և այլ պետություններից արագ արձագանքման տարբեր թիմեր Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող ԲԿ-ներում հայաստանյան բուժանձնակազմի հետ գիշերուզօր պայքարում էին կյանքեր փրկելու համար: Օտարազգի բժիշկ-բուժքույրերի հետ փոխգործակցության ընթացքում փորձում էինք ոչ միայն բարելավել մեր հմտությունները, այլև որոշակի հմտություններ փոխանցել մեր միջազգային գործընկերներին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում