Արցախում կան պացիենտներ, ովքեր ծանր առողջական խնդիրներ ունեն, անհրաժեշտ է րոպե առաջ վերականգնել Արցախի կապը Հայաստանի հետ. Անահիտ Ավանեսյան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
«Արցախում կան պացիենտներ, ովքեր ծանր առողջական խնդիրներ ունեն, և այդ առողջական խնդիրները հնարավոր չէ լուծել Արցախի բժշկական կենտրոններում, անհրաժեշտ են նեղ մասնագիտական խորհրդատվություն, սարքավորումներ, և այս խնդիրը հրատապ է լուծման համար։ Անհրաժեշտ է րոպե առաջ վերականգնել Հայաստանի և Արցախի բնականոն կապը»,- այսօր՝ դեկտեմբերի 22-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ կապի մեջ ենք, ունենք պատասխան։ Բայց միայն պաշտոնական գրագրությամբ չի իրականացվում աշխատանքը, նաև ամենօրյա կապի մեջ եմ և տեղեկատվություն եմ փոխանցում թե իրավիճակի, թե պացիենտների մասին, ինչպես նաև մանկահասակ երեխաներին անհրաժեշտ դեղորայքով, մանկական կերերով ապահովման խնդրի մասին»,- նշեց Անահիտ Ավանեսյանն ու ընդգծեց. «Պահանջատեր ենք, որ միջազգային կառույցները ճնշում բանեցնեն և այս կրիտիկական իրավիճակին ուղղված քայլեր ձեռնարկեն»։