Չնայած առաջին անհրաժեշտության ապրանքների օր օրի աճող դեֆիցիտին, արցախցիները անկոտրում են՝ պատրաստվում են դիմավորել Ամանորը․ տեսանյութ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
11-րդ օրն է՝ Արցախը գտնվում է շրջափակման մեջ։ Չնայած մի շարք կենսական անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների դեֆիցիտին, ընտանիքների՝ միջանցքի փակված հատվածից այս և այն կողմում գտնվելուն, արցախցիները անկոտրում են։
Խաչատրյանների բազմազավակ ընտանիքի կարիքները բավարարելու համար եղած հնարավորությունները օր օրի պակասում են։ Տան տիկինը պարենային ապրանքներից ամենաշատը կարտոֆիլի պակասն է նկատում։ Տան երեխաներից երկուսն էլ մանկական ուղեղային կաթված ունեն, հաճախում են վերականգնողական կենտրոն։ Կենտրոնի տնօրենն է միջամտում, օգնում բալիկների համար տակդիրներ հայթայթելու հարցում։ Չնայած այս ամենին՝ հավատում են ամանորյա հրաշքներին՝ տոնածառը զարդարել, սպասում են Ձմեռ պապի այցին, չնայած գիտեն՝ ճանապարհի փակ լինելու պատճառով նա էլ չի կարող գալ։
Ասկերանի շրջանի Խնածախ գյուղում էլ «Բարի Արցախ» խումբը արդեն 5-րդ խաղահրապարակն է բացում։ Ռուսաստանաբնակ հայ երիտասարդների ուժերով կառուցված այս խաղահրապարակը Ամանորի շեմին իսկական նվեր էր գյուղի աշակերտների ու նախադպրոցական տարիքի փոքրիկների համար:
Շուշիից տեղահանված Լիլիթը հարևան Խնածախ գյուղից ամեն օր երեք կիլոմետր ճանապարհ է անցնում դպրոց հասնելու համար:
Յակով Պետրոսյանի և նրա ընկերների նախաձեռնությամբ է կյանքի կոչվել այս գեղեցիկ ծրագիրը: Ասում են՝ նման նախաձեռնությունները շարունակական են լինելու:
Ստեփանակերտի քաղաքապետարանն էլ որոշել է, որ չնայած շրջափակման հետևանքով ստեղծված բազում անհարմարություններին՝ երեխաներին չզրկել ամանորյա տրամադրությունից:
Վաղը, ժամը 18-ին, Ստեփան Շահումյանի անվան Օղակաձև պուրակում տեղի կունենա տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությունը։ Երեկոյի ընթացքում նախատեսվում է նաև մանուկների մասնակցությամբ հետաքրքիր ծրագիր։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան