Պարգևավճարների դեմ պայքարող ընդդիմադիր պատգամավորները չեն հրաժարվում ամանորյա պարգևավճարից, բայց որպես «իրական» հայրենասերներ՝ խոստանում են դրանից ոչ մի լումա սեփական կարիքների համար չծախսել։
«Իշխանությունը պարգևավճար է բաժանելու 13-րդ աշխատավարձի ձևով, ընդդիմությունը ստանալո՞ւ է այդ գումարները»,- այսօր՝ դեկտեմբերի 23-ին, լրագրողները ճեպազրույցի ժամանակ հարց ուղղեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին։
«Եթե նկատի ունեք «Հայաստան» խմբակցությանը, խմբակցությունն ունի որոշում, որ այդ գումարները պատգամավորները չեն ծախսելու իրենց անձնական որևէ կարիքի համար, այլ ուղղելու են հումանիտար աջակցության ծրագրերին, և յուրաքանչյուր պատգամավոր իր ընտրությամբ իրականացնելու է այդ գործողությունը. պատգամավորներ կան, որոնց դիմել են տարբեր մարդիկ՝ թե արցախահայությունից, թե Հայաստանի բնակիչներից, ովքեր աջակցության կարիք ունեն, կան պատգամավորներ, որոնք համայնքներում են իրականացնում ծրագրեր՝ որոշումն այդպիսին է»,-
պատասխանեց Արծվիկ Մինասյանը։ Թե ինչպես է դա վերահսկվելու կամ ով է ստուգելու՝ Արծվիկ Մինասյանը չի հայտնել։
Նա նաև հիշեցրել է, որ իրենք դիմել էին Սահմանադրական դատարան՝ պարգևավճարների հարցով. «ՍԴ-ն վերահաստատեց, որ դա գործող քաղաքական ուժի քաղաքականության ընթացիկ դրսևորումն է, և այդտեղ սահմանադրականության հարց չկա, ինչը, մեր գնահատմամբ, ճիշտ չէ»։