Արցախի «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը մի խումբ արցախցիների հետ միասին Ստեփանակերտից շարժվել է դեպի Լաչինի միջանցք։ Ճանապարհին նրանք հանդիպել են ռուս խաղաղապահներին, որոնք փակել են ճանապարհը։
Պետրոսյանը տեղում ծառայություն իրականացնող խաղաղապահներին ներկայացրել է ստեղծված իրավիճակը և նշել, որ վերջիններս պարտավորություն ունեն ապահովելու միջանցքով իրենց անվտանգ և անխոչընդոտ տեղաշարժը։
Տեղում ծառայություն իրականացնող խմբի հրամանատար, ավագ լեյտենանտի կոչումով խաղաղապահի կոնտինգենտի սպան նշել է, որ այս պահին բանակցություններ են ընթանում, և արցախցիների՝ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակված հատված հասնելը միայն կբարդացնի ստեղծված իրավիճակը, ու ինքը չի կարող թույլ տալ, որ արցախցիներն առաջանան։
Պետրոսյանը նշեց, որ վաղը ժամը 3-ին իրենք ակցիա են անելու, և խնդրեց, որ մինչև վաղը ռուսները ուժով կամ այլ եղանակով բացեն ճանապարհը, կամ եթե չստացվի, ապա ուղեկցեն իրենց դեպի միջանցքի այն հատված, որտեղ գտնվում են ադրբեջանցիները։
Պետրոսյանը նշեց, որ իրենց համար ևս կարևոր են բնապահպանական խնդիրները, և ինքը հարցումներ է արել հանքերը շահագործող ընկերություններին, պահանջել բնապահպանական իրավիճակի մասին հաշվետվություն, որը, ի դեպ, Պետրոսյանը իր հետ բերել էր։
Պետրոսյանն ասաց, որ ադրբեջանցիների պնդումները, թե կան բնապահպանական խնդիրներ, ընդամենը ենթադրություններ են և պատճառաբանություն, իսկ իր մոտ հստակ փաստաթղթեր կան՝ կարող է դրանք ներկայացնել ադրբեջանցիներին։ Պետրոսյանն առաջարկեց նաև մեխանիզմներ ստեղծել, որպեսզի միջազգային մոնիթորինգային խմբերը կարողանան մուտք գործել Արցախ և տեղում ուսումնասիրել բնապահպանական իրավիճակը։
Ի վերջո, արցախցիները վերադարձան՝ խոստանալով վերադառնալ վաղը։