12 օր շրջափակված Արցախում ընտանիքներ են ստեղծվում. սերը, արդար կամքն ու հայրենիքում ապրելու և արարելու ձգտումը վեր է ամեն տեսակի խոչընդոտներից
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Հակառակ թշնամու նենգ ցանկությունների ու մտադրությունների, Արցախի ժողովրդին բարոյապես ընկճելու և հուսալքելու փորձերին՝ Արցախում կրկին ընտանիք են կազմում։
Կարենն ու Լուիզան ամուսնության օրը ընտրել են վաղուց ու որոշել՝ չեն հետաձգելու իրենց միությունը նաև ի հակառակ թշնամու պահվածքի։ Ճոխ ու շքեղ ամուսնութունը զույգի համար առաջնահերթ չէ, կարևորը Աստծո օրհնությամբ պսակադրվելն ու խաղաղ ու երջանիկ ապրելն է։
Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարում պսակադրություններ շատ հաճախակի են լինում, սակայն Արցախի կյանքի ճանապարհի փակվելուց հետո, կան զույգեր , որոնք անորոշության մեջ են ։
Դրավանց Սամվելն ու Աննան իրենց ամուսնության օրը որոշել էին 2 ամիս առաջ, պլանավորել ամեն ինչ ու անգամ չէին էլ մտածում , որ իրենց պսակադրությունը կանցկացվի կյանքի հետ կապն ընդհատված ու փակ սահմաններում ։ Եկեղեցում իրար խոստում տալով նորաստեղծ ընտանիքը իր համատեղ առաջին քայլը կատարեց hօգուտ Արցախի։
Արցախցու դիմագիծն այսպիսինն է , չի կոտրվում, չի հուսալքվում ու ցանկացած դժվար պայմաններում փորձում է անել հնարավորն ու անհնարինը հանուն իրենց ապագայի,հանուն հայրենիքի։ Սամվելը ,Աննան ու նրանց նման շատ երիտասարդներ կառուցում են երկրի երբեմնի խարխլված հիմքերը ։
12 օր շրջափակված Արցախում ընտանիքներ են ստեղծվում, իրենց համարձակ քայլով կյանքի կարևոր փուլ մտած նորաստեղծ ընտանիքները կրկին ու կրկին ապացուցում են թշնամուն և ի լուր աշխարհին, որ սերը, արդար կամքն ու հայրենիքում ապրելու և արարելու ձգտումը վեր է ամեն տեսակի խոչընդոտներից։ Թեկուզ փակ սահմաններով ու սուղ հնարավորություններով՝ կարևորը Արցախում՝ հայրենի բնօրրանում։