Ցավալի դեպք է. Դատաբժշկական քննություննից հետո միայն պարզ կդառնա՝ ինչից է մահացել 7-ամյա տղան. «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն՝ ողբերգական դեպքի մասին
Դեկտեմբերի 26-ին, կեսգիշերն անց՝ ժամը 1-ի սահմաններում, «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում արձանագրվել է Երևանի բնակիչ 7-ամյա տղայի մահ։ Վերջինիս մահվան պատճառը դեռևս պարզ չէ։ Մամուլի տեղեկություններով՝ մահացած երեխան հիվանդանոց է տեղափոխվել դեկտեմբերի 24-ին։ Երկու օր անց երեխայի մահվան լուրը լսելուց հետո հարազատները զայրացած, ոչ ադեկվատ կերպով փորձել են բժշկից ճշտել մահվան պատճառները։ Նրանք անգամ կոտրել են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի ապակիները։ Տեղեկություն կա նաև, որ մայրը փորձել է պատուհանից նետել իրեն, սակայն բժիշկները կանխել են։ 

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից մեզ ասացին, որ այս պահին երեխայի մահվան պատճառների և այլ հանգամանքների մասին որևէ հստակ տեղեկություն չեն կարող տրամադրել, միայն փոխանցեցին. «Դատաբժշկական փորձաքննությունից հետո միայն պարզ կդառնան երեխայի մահվան պատճառները։ Ցավալի դեպք է, շատ ենք ցավում կատարվածի համար»։