Պեմզաշենում անչափահաս երեխաներին եւ նրանց մորը դաժանորեն սպանած անձը ճանաչվել է մեղսունակ՝ գիտակցել է իր արարքը. փաստաբան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Պեմզաշենում ավելի քան մեկ ամիս առաջ դաժանորեն սպանված անչափահասների եւ նրանց մոր իրավահաջորդի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրառել է, որ մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ եւ կարող է մասնակցել քննչական գործողություններին։
«Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանությունների գործով շատերին հուզող հարցի վերաբերյալ, առ այն, որ մեղադրյալներից Վրույր Բարսեղյանը տառապում է հոգեկան առողջական խնդրով և կարող է ճանաչվել անմեղսունակ, ինչի արդյունքում կարող է խուսափել պատժից, նշեմ, որ ստացվել է Ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովի փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ (անձը հիվանդ չէ և գիտակցել է կատարածը)։
Ավելին, ըստ փորձագետի եզրակացության Վրույր Բարսեղյանը իր ներկա հոգեկան վիճակով կարող է մասնակցել քննչական և դատաքննչական գործողություններին», -գրառել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի 31-ամյա բնակչուհու եւ նրա 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու սահմռկեցուցիչ սպանությունների գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանի նկատմամբ մոտ մեկ ամիս առաջ նշանակվել էր դատահոգեբուժական փորձաքննություն։
Նշենք, որ ահասարսուռ սպանության մեջ մեղադրվում են Վրույր Բարսեղյանը և նրա ազգական Արկադի Բարսեղյանը։