Նախարարությունը աշխատում է լուծել ընտանիքի սոցիալական նպաստ ստանալու խնդիրը, բայց օրվա հացի, տաք հագուստի ու անկողնու խնդիր ունեցող ընտանիքը ունի նաև բոլորիս օգնության կարիքը
Երեկ մեր հրապարակմամբ անդրադարձել էինք Գյումրիում երեք անչափահաս երեխաներ ունեցող Արմենուհու ու Սուրենի երիտասարդ ընտանիքի կյանքի ծանր պայմաններին։ Ընտանիքը բնակարանի վարձը մուծել չկարողանալու պատճառով այս ձմռանը, Նոր տարվա շեմին կարող է մնալ առանց տանիքի։ Բացի դրանից՝ այս պահին միայն կողմնակի օգնությամբ են ծնողները կարողանում երեխաներին սննդով ապահովել։ Երեխաները ունեն նաև տաք հագուստի, կոշիկի և մահճակալի կարիք. երեք երեխաները մի մահճակալի մեջ են քնում։ Այս խնդիրները Արմենուհու և Սուրենի համար գրեթե անհաղթահարելի են դարձել ոչ միայն Սուրենի ցածր աշխատավարձի, այլև այն բանի պատճառով, որ ընտանիքը զրկված է սոցիալական որևէ նպաստից օգտվելու հնարավորությունից՝ որևէ հասցեում գրանցում չունենալու պատճառով։ 

Մենք պարզեցինք, որ Սուրենը իր մայրիկի մահից հետո դարձել է մանկատան սան, և մինչ օրս հայտնի չէ, թե երկրաշարժի աղետ ապրած և տնազուրկ ընտանիքը Գյումրիում երբ կկարողանա տնակ ստանալ։ Արմենուհու խոսքով՝ այս հարցով դիմել են և հստակ պատասխան չեն ստացել։ Արմենուհու գրանցման խնդիրը ևս բարդ լուծելի թնջուկ է, որովհետև նրա հայրական տան վրա ևս 54 անձ է գրանցված։ Խնդրին կարող էր լուծում տալ վարձու տնակ տրամադրած տանտիրոջ կամքն ու բարեխղճությունը՝ ընտանիքին այդ հասցեում հաշվառելու միջոցով։ Սակայն վարձու տնակի տանտերը, անգամ տեսնելով ընտանիքի, երեք փոքրիկների ծանր զրկանքները, անցկացրած կիսասոված, ցուրտ օրերը, անդրդվելիորեն չի համաձայնում ընդառաջել Արմենուհու խնդրանքին։  
 
Այս ընտանիքում ամանորյա և սուրբծննդյան տոները նշելու մասին չեն էլ մտածում, այլ միայն՝ օրվա հացի գումար ունենալու և վարձով տնակից չզրկվելու մասին։  Արմենուհին ճարահատյալ դիմում է մարդկանց  օգնությանը, նաև հույս ունի, որ սոցիալական հարցերի նախարարությունը ինչ-որ չափով կլուծի խնդիրը։ 
 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեր հարցմանը պատասխանել էին, որ նախարարությունը աշխատանքներ է տանում խնդրի կարգավորման ուղղությամբ.  «Մազմանյան Արմենուհու և Գալստյան Սուրենի ընտանիքն ընդգրկված չէ անապահովության գնահատման համակարգում, քանի որ ընտանիքի փաստացի բնակության հասցեն և հաշվառման հասցեն տարբեր են: Թեպետ նշված գործընթացում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը լիազորություն չունի, բայց նախարարությունը՝ ի դեմս Միասնական սոցիալական ծառայության, աշխատանքներ է տանում խնդրի կարգավորման ուղղությամբ»։
  
Նախարարությունից տեղեկացնում են նաև, որ ընտանիքը Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի մշտական ուշադրության կենտրոնում է. ոչ միայն պետական, այլև մասնավոր համագործակցությունների շրջանակում տարածքային կենտրոնն ընտանիքին ներառում է աջակցության եղած ծրագրերում։
 
Օգնության համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
Արմենուհի Մազմանյան՝ 098166561