Որպես մարդ, ով կույր չի, տեսնում եմ, որ միջանցքի բացման իրական հասցեատերը Ռուսաստանն է․ քաղաքացին ՌԴ դեսպանատան դիմաց հացադուլ է հայտարարել. տեսանյութ
ՌԴ դեսպանատան դիմաց քաղաքացի Հրաչյա Զարդարյանը այսօր առավոտից հացադուլ է հայտարարել՝ Ռուսաստանից պահանջելով կատարել Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված պարտավորությունը և բացել Լաչինի միջանցքը, որը 17-րդ օրն է՝ փակ է ադրբեջանցի իբրև բնապահպանների կողմից։

Civic.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչու է հենց ՌԴ դեսպանատան դիմաց նման պահանջով ակցիա իրականացնում, քաղաքացին ասաց. «Ռուսաստանի Դաշնությունն է խնդրի իրական հասցեատերը, քանի որ իրենց պատասխանատվության տակ է ինչ-որ մնացել է Արցախից, որը ներառում է Բերձորի միջանցքը»։

Նրա խոսքով՝ միջանցքը կյանքի ճանապարհ է, և եթե դա փակ է, մնացած ամեն ինչ վերջանում է, և վերջանում է սննդամթերքը։

Հարցին, թե ինչպես է գնահատում իրավիճակը, երբ ՌԴ-ից հայտարարում են, որ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում փայլուն կատարում են իրենց պարտավորությունները, Հրաչյա Զարդարյանն ասաց. «Ես տեսնում եմ իրավիճակը որպես մարդ, ով կույր չի։ Թե Ռուսաստանը ինչ կասի՝ իմ մեկնաբանությունների կարիքը չկա, դա իրենց քաղաքականությունն է»։

Քաղաքացին նշեց, որ հացադուլ պատրաստվում է անել այնքան, որքան կկարողանա, և նպատակը մահանալը չէ: «Ինչքան կարող եմ, կփորձեմ պինդ մնալ»,- հավելեց նա։

Գեղամ Ադյան 

Մանրամասները՝ տեսանյութում