Լիբանանը մնացել է առանց էլեկտրականության
Չորեքշաբթի օրը Լիբանանում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատում է տեղի ունեցել, քանի որ նրա երկու խոշոր էլեկտրակայանները չեն աշխատում վառելիքի պակասի պատճառով: Electricite du Liban պետական էլեկտրական ընկերության աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Լիբանանի հյուսիսում գտնվող Դեյր Ամմարի ՋԷԿ-ը և երկրի հարավում գտնվող Ալ-Զահրանիի ՋԷԿ-ը ստիպված են եղել անջատել իրենց տուրբինները:

«Դա պայմանավորված է Իրաքից մազութի մատակարարման հետաձգմամբ»,- ասել է աղբյուրը։

Դեկտեմբերին լիբանանյան Տրիպոլի նավահանգիստ նավթամթերքներով ոչ մի լցանավ չի ժամանել։ Բացի այդ, ըստ նրա, Լիբանանի իշխանությունները ձեռնպահ են մնացել ընդունել Իրանի առաջարկած օգնությունը՝ վախենալով ԱՄՆ-ի ևԱրեւմուտքի պատժամիջոցներից։

Աղբյուրի համաձայն՝ առաջիկա մի քանի ժամում կառավարությունը պետք է հաստատի Ազ-Զուկում և Ջիյաում նախկինում փակված երկու փոքր ջերմաէլեկտրակայանները շահագործման հանձնելու որոշումը, որտեղ պահեստներում որոշակի քանակությամբ մազութ կա։ «Դա թույլ կտա Լիբանանը առավելագույնը մեկ շաբաթով չընկղմվել լիակատար խավարի մեջ և էլեկտրաէներգիա կտրամադրի հիմնական օբյեկտներին՝ ջրի պոմպերին, կոյուղու համակարգին, Ռաֆիկ Հարիրիի միջազգային օդանավակայանին, ծովային նավահանգիստին, Լիբանանի պետական համալսարանին և մի քանի հիվանդանոցների»,- փոխանցել է աղբյուրը։

Ավելի վաղ ամռանը, վառելիքի մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով, պետէներգաընկերությունը բնակչությանը էլեկտրաէներգիայի մատակարարումը կրճատել էր մինչև 2-4 ժամ, մնացած ժամանակ լույսը քաղաքացիների տներին և հիմնարկներին մատակարարվում էր մասնավոր ընկերություններին պատկանող էլեկտրաէներգիայի գեներատորներով։

Ճգնաժամային իրավիճակը սրվել է 2022 թվականի օգոստոսից վառելիքի և քսանյութերի պետական սուբսիդիաների վերացումով՝ արտարժութային պահուստների կրճատման պատճառով, ինչը հանգեցրել է բենզինի և մազութի գների 70%-ով բարձրացման։