ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դարձյալ խոսնակ չընտրեց․ տապալվեց 11-րդ փորձը
ԱՄՆ Հանրապետական կուսակցության առաջնորդ Քևին Մաքքարթին 11-րդ անգամ անընդմեջ չի կարողացել ընտրվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում․ հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ընտրությունների երրորդ օրը կրկին անհաջող է անցել, և կոնգրեսականները քվեարկությունը հետաձգել են ևս մեկ օրով։ Նման իրավիճակ ամերիկյան քաղաքականության մեջ չի եղել 1859 թվականից ի վեր, երբ խոսնակ ընտրելու համար պահանջվեց քվեարկության 44 փուլ, հիշեցնում է CNN-ը։ Նախորդ հակառեկորդը՝ 9-ը փորձ, սահմանվել է 1923թ․-ին։

11-րդ փուլի արդյունքներով Մաքքարթին, ինչպես նախորդ 10 դեպքերում, չի հավաքել անհրաժեշտ 218 ձայնը։ Նրա օգտին քվեարկել է 200 օրենսդիր։ Կրկին խոչընդոտ է դարձել «անզիջում պահպանողականների փոքր, բայց վճռական կոնտինգենտի» դիրքորոշումը, որը չի փոխվել չնայած Քևին Մաքքարթիի առաջարկած զիջումներին։

Հանրապետականների մեկ այլ ներկայացուցիչ՝ Բայրոն Դոնալդսը, կրկին ստացել է 20 ձայն։ Նրա թեկնածությունն առաջադրել են կուսակցության անդամները, որոնք հրաժարվել են աջակցել Մաքքարթիին։ 

Ներկայացուցիչների պալատի գործունեությունը մնում է կաթվածահար


Հանրապետական մրցակից դեմոկրատ Հակիմ Ջեֆրիսը հավաքել է 212 ձայն։ 11-րդ փուլի մեկնարկից առաջ նա լրագրողներին ասել է, որ իր կուսակցությունը չի նախատեսում օգնել հանրապետականներին և շարունակելու է պահպանել միասնականությունը։ Ինքը՝ Քևին Մաքքարթին, մտադիր չէ հանել իր թեկնածությունը, նշում է CNN-ը։ Միևնույն ժամանակ, Հանրապետական կուսակցության աղբյուրը խոսել է կենտրոնամետների շրջանում «աճող հիասթափության» մասին՝ Մաքքարթիի՝ ընդդիմախոսներին առաջարկած զիջումների պատճառով։

Նոր գումարման համագումարն իր աշխատանքները սկսել է հունվարի 3-ին։ 2022 թվականի նոյեմբերին կայացած միջանկյալ ընտրություններից հետո հանրապետականները վերահսկողության տակ են վերցրել Ներկայացուցիչների պալատը՝ 435 մանդատներից ստանալով 222-ը։ Առաջին օրը նախատեսվում էր ընտրել նոր խոսնակ, սակայն չի հաջողվել։ Պալատի գործունեությունը կաթվածահար կմնա մինչև առճակատման դադարեցումը։ 

Հիշեցնենք, որ այս պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Նենսի Փելոսին, որը ներկայացնում էր դեմոկրատներին։

Անահիտ Խաչատրյան