Կապիտոլիումի բլրում ավարտվեցին ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակի ամենաերկար ընտրությունները. շաբաթ երեկոյան հանրապետականների առաջնորդ Քևին Մաքքարթին կարողացավ հաղթանակ կորզել քվեարկության 15-րդ փուլում. գրում է
euronews-ի ռուսական ծառայությունը։
Հիշեցնենք, որ նման իրավիճակ ամերիկյան քաղաքականության մեջ չի եղել 1859 թվականից ի վեր, երբ խոսնակ ընտրելու համար պահանջվել էր քվեարկության 44 փուլ։ Նախորդ հակառեկորդը՝ 9-ը փորձ, սահմանվել է 1923թ․-ին։
ԱՄՆ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Պալատի նիստը հեռարձակել են կենտրոնական ամերիկյան հեռուստաալիքները։
«Կալիֆոռնիայից Քևին Մաքքարթին ստացավ ձայների մեծամասնությունը և ընտրվեց Ներկայացուցիչների պալատի նախագահ», - ասել է մոդերատոր Շերիլ Ջոնսոնը: Հանրապետականները 57-ամյա Մաքքարթիի ընտրությունը դիմավորել են բուռն ծափահարություններով։
Մաքքարթին ստացել է 216 ձայն։ Դեմոկրատ Հակիմ Ջեֆրիսը ստացել է օրենսդիրների 212 ձայն։ Եվս 6 հոգի չեն սատարել թեկնածուներից ոչ մեկին։
Նախորդ փուլում մրցավազքի ֆավորիտը, որը բախվել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մի խումբ արմատական համախոհների դիմադրությանը, կարողացել է իր կուսակիցներից 10 հակառակորդի իր կողմը գրավել։ Սակայն Կալիֆոռնիայի խորհրդարանի պատգամավորին մեկ ձայն պակասել է խոսնակ ընտրվելու համար։ Ամերիկյան լրատվամիջոցները օրենսդիր մարմնում չորս օր տիրող կաթվածահար վիճակը «քաոսային» են որակել։
CNN-ի փոխանցմամբ՝ 14-րդ փուլից հետո Դոնալդ Թրամփը զանգահարել է «այլախոհներ» Էնդի Բիգսին ու Մեթ Գյոտցին և հորդորել նրանց աջակցել Մաքքարթիի թեկնածությանը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Մաքքարթիին ընտրվելու կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել հնարավորության սահմաններում «աշխատել հանրապետականների հետ»։
Նշենք, որ այս պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Նենսի Փելոսին, որը ներկայացնում էր դեմոկրատներին։
Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի