«Պետական մարմինները չեն կարող զրկել լիցենզիայից»․ տարածքների գնահատմամբ զբաղվող «Էքսպերտ» ընկերության տնօրենը հերքում է Ֆիրդուսի բնակչի պնդումը, թե պետական կառույցները սպառնում են լիցենզիայից զրկել, եթե իրենց գույքը իրական արժեքով գնահատեն
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հարկադիր կատարողական ծառայությունը հայտարարել էր, որ այսօր Հանրապետություն 8ա հասցեում իրականացվել են կատարողական գործողություններ՝ ապահովելու դատարանի կատարողական թերթի կատարումը։ 

Խոսքը Ֆիրդուսի մասին է, որտեղ լարված իրավիճակ է, քանի որ սեփականատերերը թույլ չեն տալիս ոստիկաններին և հարկադիր կատարողներին ապահովել  «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ փորձագետի/փորձագետների մուտքը տարածք։

Բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ դեմ է իր տունը վաճառելուն, չնայած, իր խոսքով, տարածքը գերակա շահ է ճանաչվել 15 տարի առաջ։ Նրա խոսքով՝ երբ գնում են մասնավոր փորձագիտական ընկերություններ, մերժում են գնահատել իրենց գույքը՝ ասելով, թե «չենք կարող գալ, եթե գանք՝ իրենց գներով պետք է գնահատենք, մեզ հրամայված է չգնահատել բնակչի օգտին. եթե ես ճիշտ գնահատեմ՝ ինձ լիցենզիայից կզրկեն»։  

«Ո՞ւմ գնանք դիմենք, որ գան գնահատեն, ես իմ տան գինը ավելի լավ գիտեմ»,- նշել էր բնակիչը։ 

Մենք կապվեցինք «ԷՔՍՊԵՐՏ» սահմանափակ պատասխանատվության ընկերության հետ, որը իրականացնում է դատաապրանքագիտական փորձաքննություններ։

ՍՊԸ-ի տնօրեն Արմենակ Ստեփանյանը մեզ հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյոք Ֆիրդուսի սեփականատերերից կամ բնակիչներից դիմում ստացե՞լ են իրենց գույքը գնահատելու նպատակով, և եղե՞լ է սպառնալիք, որ կզրկեն լիցենզիայից, ասաց. «Կապ չունի, թե ումն է, ումը չի, պետական մարմինները չեն կարող զրկել լիցենզիայից, դա որակավորում է, որը քննության միջոցով տալիս է Կադաստրի կոմիտեն, որի հիման  վրա կազմակերպությունը ստանում է որակավորման միջոցով գնահատումներ իրականացնելու թույլտվություն»։

Նա ընդգծեց՝ որակավորումը վերցնելը կամ դադարեցնելը հեշտ բան չէ, և պիտի կարողանան ապացուցել, որ դու սխալ ես գնահատել. «Ինձ հետ կապված նման դեպք չի եղել, որ ինձ վախեցնեն, ո՞վ վախեցնի»։ 

Դիտարկմանը, թե բնակիչներն են այդպես ասում, նա արձագանքեց. «Բնակիչները չգիտեմ՝ ինչ են ասում, բայց նման պատվեր ես չեմ ունեցել Ֆիրդուսից։ Մարդիկ ուզում են իրենց գույքը թանկ վաճառել, իսկ կառուցապատողը ուզում է էժան վերցնել տարածքը, այստեղից էլ առաջանում են հակասություններ։ Ես ուզում եմ հասկանալ՝ ինչպե՞ս պետք է վախեցնեն ինձ կամ այլ կազմակերպությունների»,- հավելեց ընկերության տնօրենը։

Գեղամ Ադյան