Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան այս շաբաթ մեկնել է Հարավային Կովկաս՝ այցելելով Հայաստան և Ադրբեջան. գրում է ՆԱՏՕ-ի պաշտոնական
կայքը։Այցը ՆԱՏՕ-ի այս երկու կարևոր գործընկեր երկրներում Կոլոմինայի հերթական քաղաքական խորհրդակցությունների մի մասն էր:
Հայաստանում նա հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և այլ պաշտոնատար անձանց հետ։
Ադրբեջանում հանդիպել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնյաների հետ։
Կոլոմինան քննարկել է ՆԱՏՕ-ի համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ, ինչպես նաև երկու գործընկերների ներդրումը եվրատլանտյան անվտանգության գործում։
Խավիեր Կոլոմինան մտքեր է փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի, այդ թվում՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի շուրջ։ Նա ընդգծել է ազատ տեղաշարժի և հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտությունը, ինչպես նաև բանակցությունների վերսկսման և կարգավորման ուղղությամբ աշխատելու կարևորությունը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը նաև ողջունել է Եվրամիության դերը տարածաշրջանային կայունությանն աջակցելու գործում:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, ինչպես նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ներկայիս կարգավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության զարգացման և ընդլայնման հնարավորություններին։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ի թիվս այլ հարցերի, զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը։
Իսկ ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ հաստատության կատարած փաստահավաք աշխատանքները։