Հայաստանում այս տարվանից մեկնարկում է Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի (ԱՀԱ) ներդրումը. 2023-ը կլինի «նախապատրաստական փուլ», հաջորդ երեք տարիները՝ 2024-2026 թվականները «փորձարկման փուլ», իսկ արդեն չորրորդ տարվանից` 2027 թ-ից ԱՀԱ-ն կկիրարկվի ամբողջությամբ։ ՀՀ Առողջապահության նախարարության հեղինակած Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի նախագիծը հունվարի 11-ից 26-ը դրվել էր հանրային քննարկման իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:
ԱՀԱ-ի ֆինանսական միջոցներըՀամաձայն նախագծի` ԱՀԱ-ի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կգոյանան երկու հիմնական աղբյուրներից՝ պետական բյուջեից և ԱՀԱ-ին միանալու ապահովագրական վճարներից։ Պետական բյուջեի միջոցները կհատկացվեն ծածկույթի ծախսերի ծածկման համաֆինանսավորման սկզբունքով՝ հաշվի առնելով շահառուների սոցիալական և առողջական ռիսկերը, ասել է թե` նվազ եկամուտներ ունեցողների դեպքում պետության մասնակցության չափը ավելի մեծ կլինի:
Այսպիսով, աշխատող քաղաքացիների (բնակչության մոտ 22%) եկամտից ամսական գումար կհատկացվի Հայաստանի բոլոր բնակիչների առողջությունն ապահովագրելու համար։
Ապահովագրական վճարի չափ նոր փաստաթղթում հստակեցված չէ, թեև դեռ 2022թ-ին Առողջապահության նախարարության ներկայացուցիչն ասում էր, որ աշխատող քաղաքացիները կվճարեն 6%, որից 3-%-ը՝ գործատուն: Հայտնի է միայն, որ, ի տարբերություն նախկինում քննարկված հայեցակարգի, այս անգամ խոսքը ոչ թե տոկոսադրույքի, այլ հաստատուն գումարի մասին է:
Ինչպես վերջերս նշեց Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի անդամ Սամվել Խարազյանը, նախնական գնահատականով յուրաքանչյուր աշխատող քաղաքացի առողջապահական փաթեթ ունենալու համար տարեկան պետք է վճարի 150-200 հազար դրամ: Այդուհանդերձ թիվը վերջնական չէ և հստակեցվելու է յուրաքանչյուր տարի:
ԱՀԱ ներդրման առաջին՝ նախապատրաստման փուլում կձևավորվեն հիմնական ծառայությունների և նվազագույն ծառայությունների փաթեթները։ Հիմնական ծառայությունների փաթեթը հասանելի կլինի ԱՀԱ-ի փորձարկման փուլի ընթացքում պետության կողմից սահմանված բնակչության, ինչպես նաև ԱՀԱ-ի փորձարկման փուլում միացած շահառուների համար։ Նվազագույն ծառայությունների փաթեթը հասանելի կլինի ԱՀԱ-ում չընդգրկված քաղաքացիների համար։
Ապահովագրության դիմաց քաղաքացին հիմնական ծառայությունների փաթեթի շրջանակում կստանա պոլիկլինիկական և հիվանդանոցային ծառայություններ, նաև կանխարգելիչ հետազոտություններ, որոնք պարտադիր կլինեն ՝ հետագայում բուժծառայություններ ստանալու համար: Կփոխհատուցվեն հեմոդիալիզի, հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունները, սիրտ-անոթային հիվանդությունների բուժումը՝ այդ թվում սրտային վիրաբուժություն, առիթմոլոգիա, էնդովասկուլյար վիրաբուժություն, չարորակ նորագոյացությունների վիրահատության և ճառագայթային բուժման ծառայություններ, ինչպես նաև քիմիոթերապևտիկ բժշկական օգնություն և սպասարկում, վերականգնողական բուժման ծառայություններ առանձին հիվանդությունների կամ վիճակների դեպքում, օրգանների փոխպատվաստում, էնդովասկուլյար վիրաբուժություն, պալիատիվ բուժման և խնամքի ծառայություններ և այլն: Ստոմատոլոգիական բժշկական օգնության մասով կիրականացվի ստոմատոլոգիական անհետաձգելի բժշկական օգնությունը (զննում և ատամի հեռացում, մինչև երկու ատամի վիրաբուժական բուժում, պրոթեզավորում 63 և բարձր տարիքի անձանց համար): Ապահովագրական ծածկույթից դուրս կմնան, օրինակ, պլաստիկ վիրահատությունները, հավելյալ խնամքի ծառայությունը, հիվանդասենյակի վճարը, բուժքույրական խնամքը, որոշ դեպքերում նաև՝ վերականգնողական ու հետվիրահատական բուժումը։
«ԱՀԱ-ի ներդրման վերջնարդյունքում բոլոր ապահովագրված քաղաքացիները կունենան միևնույն ծածկույթը, անկախ վճարունակությունից և սոցիալական կարգավիճակից, որը կտարբերվի միայն տարիքով և սեռով պայմանավորված հատուցումների առանձնահատկություններով։ Կամավոր բժշկական ապահովագրությունը կգործի ի լրումն ապահովագրված և չապահովագրված անձանց հիմնական և նվազագույն ծառայությունների փաթեթներին և կներառի դրանցում չընդգրկված ծառայությունները», - նշված է փաստաթղթում։
Շարունակությունը՝
ejc.am